Wednesday, November 24, 2010

Անմոռուկներ...

   Գրքում զետեղված են հեղինակի հոգու խորքում կուտակված զգացմունքները, որից և ծնվել են գրքում զետեղված բանաստեղծությունները, վերջում` պատգամը որդուն և գալիք սերնդին...

                 ***
 Կռունկ, երամդ սարը կտանես,
Ուր անմոռուկն է աչքը բացելու,
Գյումրում ու Լոռում ճամփեդ  չշեղես,
Մանկան ճիչեր են, ցավոտ կանչեր են,
Ժպիտ ու լաց են` իրար խառնված,
Ծաղկած ծառերի ողբասաց երգ է...
Կռունկ, երամդ սարս կտանես,
Ուր անմոռուկն է աչքը բացելու...
***
Թավիշ կանաչում մորու բեղիկներ,
Անմոռուկներ,մի քիչ ավելուկ ու եղան լեզու,
Սա թփի մոտ;
Մոշենի, մոտը մասրենի,
Կողքին բոխի ու հացենի,
Սա էլ քարի մոտ;
Մի կարկաչուն աղբյուր,
Ընկուզենի հնօրյա,
Թխկի կիսաչոր,
Սա էլ լանջի մոտ;
Ստվերոտ կաղնուտ,
Սկյուռի փչակ,
Վայրի տանձենի,
Սա էլ դափի մոտ;
Էլ չկան սրանք իմ խաղատեղում,
Որտեղ պահել եմ թմբլիկ գառներ,
կանաչ մարգերը տարել արոտի,
Սրանք էլ չկան իմ խաղատեղում;
***
            ՁՈՐՈՒՄ
Արևի շողը դեռ ջրի ցոլքում,
Սևերով պատվեց երկինքը լազուր,
Թափվեց անձրևը հեղեղի նման,
Գոռում-գոչյունը ձորերը ընկան;

Աղբյուրի թիկնոց ժայռը փլվեց,
Դարավոր գետը ճչաց-մռնչաց.
-Քիչ սպասեցեք,հեղեղը տանեմ,
Դուք էլ աղբյուրի ակը կգտնեք;

Մարդիկ շվարած Ձորագետի մոտ`
Սև հեղեղները անցան գնացին,
Ժայռի թիկունքի շեկ հողը մնաց`
Հույսը դնելով  մոտիկ անտառին..

Սահել են վաղուց տարիները հին,
Ձորի մարդկանցից մեկն է մնում,
Տարին մեկ անգամ ուխտի է գնում,
Մասունք աղբյուրի ակը համբուրում...

***
Կապույտ երկնքի մի պատառիկ եմ,
Վաղուց եմ եղել ամպակույտերում,
Երբ պիտի դառնամ ցուրտ ջրի կաթիլ,
Որ խաղաղ իջնեմ,ընկնեմ փշրվեմ
Հողի ճեղքերում
ՈՒ կակաչներին`
Սիրտը սևերին սնուցեմ,գգվեմ,
Սիրտս արբենա, սիրուց հագենա...

***
      ՊԱՏՐԱՆՔ
Կծփա արտը կանաչ գարունքին,
Եզերքին ծիտը անուշ կերգի,
Կոկոն պուտերը կարմրին կտան,
Ա՜խ,ինձ ձեռքերով կանչող չի լինի...

Սարվորի թոռը արտը կմտնի,
Թմբլիկ թաթերով պուտը կքաղի,
Արդյո՞ք կնստի արտի ստվերում,
Թե տատը թոռին շուտ-շուտ կկանչի...

Ձորը կլցվի արտույտի երգով,
Դաղձը կբուրի դիմացի այգում,
Ձորաբերանի մեր հին տներում
Իմ օրորոցում էլ ո՞վ կքնի...

Ա՜խ,ինչպես թռան օրերս մանուկ,
Ես էլ գոհ եղա օրի անցումից...
Ջահել օրս գլուխն է կախում,
Ճերմակն է բեկվում հոգնած գլխիս...
***
Արցախ աշխարհի խաղողի որթը,
Գիտեմ, նման է իմ օրրանին
Սև բախտի նման օրորվող որթին,
Որ Հայկի օրոք դարձավ ընտանի;

Արցախ  աշխարհի վանքն ու թուրը
Պահել են հորս ու իմ  բարուրը,
Թռչող հավքերը հավասար կիսվել,
Կիսավեր բնում նոր ձու են դրել...
Նույն ձյունն է իջել ու արցունք դարձել
Թարթառ-Դեբեդին  ու  Որոտանին,
Երկուքի ցավը երկուսով տարել`
Բախտը կապած ալեհեր Մասիսին;

Հավատ-հույսի կրակն է վառվում`
Ոգով միացված ու բռնադատված,
Կուռ  արմատներով իրար ագուցված,
Իր մորն անհաս`Արցախ աշխարհում...

***
Լուսինը հակինթ եղջյուրը հանում
ՈՒ փշրվում է ջրի ցոլքերում,
Լուսատտիկներ դարձած աստղերը`
Ժպտում են մարդկանց ու հեռու փախչում...

Աստղերից հեռու մի ձայն է կանչում,
Ձեռքով է անում,աչքով  հասկացնում,
Որ կա աշխարհում, ապրում է ինձ հետ,
Իզուր եմ լացում, սև հողում փնտրում...

ՈՒ լուսե մայրս ամեն մի գիշեր
Գալիս  է երկինք, ինձ հետ զրուցում,
ՈՒզում եմ գնալ աստղաբույլ երկինք,
Ժպտում է, ասում`դեռ շուտ է որդիս...

 Հավերժի ճամփան ով չի մտնելու,
Մահկանացու ենք, հողի բաժին ենք,
Իմ  ասածներից   չշեղվես որդիս,
Որ աստղի ճա մփան քեզ ինձ մոտ բերի...          
***
Բացվում է այգը մանուկ սարերում,
Մի քաղցր  ձայն է ինձ նիրհից հանում,
Հեզաժպիտ առուն կարկաչով
Զմրուխտ ափերը դրախտ է շինում;

Սև ու  կլորիկ լորիկը գալիս,
Անուշիկ երգով տանում է տնից,
Քաղցր, մեղմանուշ ծորում է տաղը,
Հավքին ավետում գարնան համերգը;

Կարոտ աչիկներ, լուսե փնջիկներ,
Խուրձ-խուրձ ծաղիկներ համերգ են տալիս,
Հովիկը խաղը շեներին բաժխում,
Ինքը թևածում  Գուգարք աշխարհում...

Մեծ մայրիկները խմոր են հունցում,
Թոնիրը վառում աբեթ սունկերով,
ՈՒ մավին թոնրից բուրմունք է տանում,
ՈՒրթերը լցնում երփն բուրյանով;
***
 ՀՈՂՄԸ  ՄԵՌՆՈՒՄ Է ՁՈՐԵՐԻ ԳՐԿՈՒՄ

Կապույտ երկինք մխրճված լեռները,
ՈՒս ուսի տված զմրուխտ սարերը
Գիշեր ու ցերեկ միթե քնած են,
Թե տառապում են մարդկային ցավով;

Թե նրանց կրծքում հուզում ու լաց կա,
Ցավի մռնչյուն, ցավագար ճիչ...
 Երբ հողմն է մտնում ծոցն անտառի,
Երախը բացում, մատղաշը լափում,
Քնից հանում է եղնիկ ու այծյամ,
Շլդիկ նապաստակ, վագր, բորենի;
Ծածկում աղբյուրը, առվակը խեղդում,
Թփերը ջարդում,ծառերը կոտրում,
Բացատը լիզում,հրե պար բռնում,
Թե տիրակալն եմ այս սեգ սարերի;
Սարերն անմռունչ, թիկ-թիկունք տված,
Ժպտում են իրար, նորեն հասկացնում,
Թե բրիտ քամի է, հիմի կխեղդվի,
Հորը կընկնի,չի դիմանա,
Ապուպապերի ճամփով է եկել,
Սրանց գեհենը մեր ոտքի տակ է,
Սարն անսասան է, մրրիկն ինչէ`
ՈՒսապար բռնած սարը սասանի;

***

Ահեղ երկրաշարժ,վշտահորդ ժայթքում,
Բնության ոճիր`ավերածություն,
Մրմուռ զանգերի մի սևաղողանջ,
Դարերի խորքի մեռելականչ...

Լոռում ու Գյումրում միայն դիակ,
մանկան աչքերի չբացված մարում,
Օջախի վերջին ճրագի մարում;
Ապրողները կորստյան ցավով
Չգիտեն ուր են շտապով անցնում,
Անթաղ ու անտեր մեռելների կույտ,
Դիակներ շարված`ինչպես ամպակույտ...

Ով է ճանաչում, ում բարևն առնում,
Գիշեր ու ցերեկ հիմքեր են քանդում,
հողը մղկտում և ինչ, տեր ԱՍՏՎԱԾ,
ՈՒմ են փնտրում և ինչ գտնում;

............
Սև աղետյալը, դիակը ձեռքին,
Ժպտում է մարդկանց`զավակիս գտա...

***
Նանս արխաջում կովն է կթում,
Ես փեշից բռնած խնձոր եմ ուտում,
Ամպը գրկում է նանիս ու ինձ,
Կովն էլ կորչում է գայլերի ձորում;

Նանս տալիս է կաթի փրփուրը,
Մի քիչ էլ քսում ճաքճքված թշիս,
Ամպը կորչում է,ես ու նանս
Ձորաբերանին կովն ենք փնտրում;

***
ԻՄ  ՀԵՌՈՒ  ԳԵՏԱԿ
Ու՞ր ես փախչում,
Իմ անուշ գետակ,
Ես ափիդ ուռ եմ,
ես ափիդ հյուր եմ,
Կորած օրերիդ
Վիրավոր լոր եմ;
Ինչու՞չես խոսում,
Իմ փոքրիկ գետակ..
կլինի մեկը
Ինձ նման տխուր
ափիդ գառ պահող,
Որբ մանկությունը
Հոգում գուրգուրող...
Չէ, վերջինն եմ,
Ուրախ կարկաչով
Ծովերը գնա,
Իմ հեռու գետակ;

***

   ՁՈՐԱԳՅՈՒՂԻՍ ՍԻՐՈՒՆ ՀՈՎԵՐ


Ձորի  եզրին մի հին բարդի
Երգում է մեղմ ու տխուր,
Ձորի վրա խարխուլ կամուրջ`
Դողում է ու տնքում...

Լուսնի շողը բարդու նրա,
Ծաղկի վրա ցող ու շող,
Ցող ու շողը իրար գրկած`
Համբուրում են ու լացում...

Քանի ջահել սիրտ է լացել
Ձորաբերնի այս տնակում,
Քանի գիշեր սգով պատվել,
Մինչև սև թուղթ են ստացել;


Թղթի նման չերմակել են,
Թղթի նման համրացել,
Քարի նման պնդացել են,
Քարի նման սևացել...

Ձորի եզրին մի հին բարդի
Երգում է մեղմ ու տխուր,
Ձորի վրա խարխուլ կամուրջ,
Ծանր վշտից է կքվում;
****
Ձորաբերանին հոնն է հասել,
Տխուր աշունը թևերն է փռել,
Ձորագետը    ոսկի է տանում,
Աշունը թռչող  թևերն է կախել;

Վայրի տանձենին չյուղերը փռել,
Աչքով շոյում է մոտի մասրենուն,
Կարմիր մասուրը լցված է բույրով,
Սև սնձենին էլ հոնքերն է կիտել;

Կիսահաս տանձն ու  խնձորը ձորի
Մայրս շալակով մեր տու է տանում,
Տատս գնում է հարսին օգնելու,
Ա՜խ, աշնան նման ձեռքերն են դողում;

***
Փլվում  էր ժայռը,
Աղբյուրը ծածկում,
Աղբյուրը`ժայթքում,
Ժայռը`փլվում;
Մի օր աղբյուրը
Հին գետի ջրի
Արցունքը դարձավ;
Գետը վարարեց,
Աղբյուրը կորավ;
Արևը բուռ-բուռ
Գետի ջուր խմեց,
Աղբյուրը գտավ;
Հանդարտված գետը
Մեղավոր մնաց,
Սառն աղբյուրի
Ջրին մեղանչեց;
Աղբյուրը հանդարտ
Իր երգը ասաց;
Մինչև հիմա էլ
Սիրով կապված են
Աղբյուրի ջուրն ու
Գետը կատաղած...
           1982թ.


     ՊԱՏՐԱՆՔ
Ցողոտ սարերում մի պատանի կար,
Նա կապու՜յտ-կապու՜յտ աչիկներ ուներ,
Թռչունների պես մեծացանք,թռանք,
ՈՒ էն պատանին միշտ երազ մնաց;

Ես աղմուկներում, նա կանաչ սարում,
Իրարից հեռու սիրո հուշ դարձանք...
Բայց միշտ երազիս գալիս է անխոս,
Նստում մի քարի ինձանից հեռու;

Անխոս հասկանում ու մոտենում ենք,
Բայց ասելիքը էլ չի ավարտում...
Երազն էլ կարճ է, մի թզաչափ,
Լույսը բացվում է, ամեն ինչ չքվում...

ՈՒ ամեն անգամ ցողը տեսնելիս,
թվում է`կգա, պատանիս կգա...
Ցողն էլ կամաց շող-ցող է դառնում,
Իմ կապուտաչյա պատանու նման...

***
Մեր բարդին այնպես
Անուշ է նազում,
Այնպես անուշ է
Վիշտս օրորում,
Գարնանը`կանաչ,
Աշնանը`դեղին,
Ձմռանը` տկլոր,
Հպարտ,հեզանազ,
Մեր բարդին այնպես
Անուշ է նազում...        ,
***
      
ՄԻ՞ԹԵ...
Ատոմի պայթյունից կյանքը կմեռնի,
Հողմըկշաչի,գեղեցիկը կկորչի;
Իսկ իմ Լոռում...միթե իմ Լոռվա
Մի խուլ անկյունում ծաղիկ չի բուրի...
Լորը չի թռչի,ձուկը չի լողա,
պուտը չի բացի, հողը չի շնչի,
Մի՞թե իմ Լոռում կյանքը կմեռնի...
***

Հայոց հողերը քարից քամված են,
Հայոց սարերը սիրո երգեր են,
Հայոց լեռները սիրո վեհեր են,
Հայոց ջրերը`հավերժ երգեր են;

Հայոց քաջերը քարե արծիվ են,

Հայոց գյուղերը  թառած ջահեր են,
Հայոց երկինքը կապույտ փիրուզ է,
Հայոց երգերը սիրո արցունք են;


Հայոց լեզուն սուրբ մասունք է,
հայոց  քարերը մետաքս թելեր են,
Հայոց բերդերը հնոց ամրոց են,
Հայոց մայրերը անմար արև են...

***

Մանկան նման քնել եմ ուզում,
Որ երազում մորս մոտ լինեմ...

Սև-մութ գիշեր, երազով ինձ տար,
Մորս սուրբ գիրկը`որբ չմնամ...

Լույսը բացվում է, ուրախ ժպտում,
Աշխարհն արարվում, քնել եմ ուզում...


          ԼԱՑՈՂ  ՃՅՈՒՂԵՐ...

Բողբոջախիտ մատաղ շիվը
Օրորում է հեզիկ-նազիկ,
Հակինթի պես փայլփլում,
Օձագալար պտտվում...

ՈՒ խենթ քամին պար է բռնում,
Տանում, բերում, գետնին խփում,
Կարեվեր մատղաշ շիվը`
Ցավագալար հեկեկում...

Ա՜խ, իմ գյուղում քանիսն են
Քամեւ բերնին հիմա լացում,
Ո՞վ է նրանց մխիթարում,
Ո՞վ է կապում կոտրած  ճյուղը...

        ***
Ծովի ալիքը խեղդվեց ջրերում,
Փրփուրներ տվեց,հատակը իջավ...
Ծովը հանդարտվեց,ես փոթորկվեցի
ՈՒ փրփուրներից քարարձան դարձա;

ՈՒ նորից հուզվեց ծովը հանդարտված,
ՈՒ փոթորկվեցին սիրո  հուշերը,
Սարերի նման  դիզվող ջրերում
Ինձ կանչող տղան ծպտաց ու գնաց;

ՈՒ հեռուներից մի ձայն հասավ ինձ,
Թե ջրահարսի շորերով արի,
Ալիքների մեջ անտես ապրում եմ,
Դու ինձ մոտ արի, քեզ սպասում եմ;

Ճերմակ շորերով ծովափ վազեցի,
Մի խուլ հեռագիր ձեռքս տվեցին,
Ալիքը անհույս վետվետեց,գնաց,
Ինձ սեր ու վհատ կապույտը մնաց...

    ***

ԱԿՆԱՂԲՅՈՒՐԸ

ՈՒրթերից հեռու մի կածանի մոտ
Կանաչը հանել, սև հող են բացել,
Աղբյուրի ակ է, ծորում է ջուրը,
Անմոռուկների ձորերը մտնում...

Պապս դրել է ծառի կեղևը,
Ծայրին ավելուկ,տակին մի հին կուժ,
Սարի անձրևը ակն է քանդել,
Ջուրը քշել խաշամների մեջ...

Սարի հարսները ջրի գնացել,
Կժերը շարել կածանի վրա,
Կաթ-կաթ լցրել են,ուրախ կատակել,
Կժերը ուսած`ուրթն են մտել;

Սահել են արդեն քանի տարիներ,
Էլ  սարի սովոր սարվորներ չկան,
Ակնաղբյուրը իր երգն է երգում
ՈՒ դանդաղ ցրվում կանաչ խոտերում...

***

ՍԵՐ-ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Ինչքան երազներ գալիս են գնում,
Սիրո երազս թևին չի տալիս,
Ապրում է սրտիս խորին ծալքերում,
Ես էլ երազկոտ մարդկանց եմ նայում...

Ինչու՞,ինչու՞ ես երազ-սեր ապրում,
Անուշ հուշ-երազ, ինձ ու՞ր ես տանում..

Կտցահարվում է սիրտս ցավերից,
Լուռ հանրանում է վշտերի ծովում,
Այնտեղ կանչում է երազս մանուկ,
Այստեղ կյանքը իր ձյունն է մաղում...

Սպասիր, կգամ, կգամ նորից ետ,
Արտի լորի պես քո տունը կգամ...

    ***

ԹՌՉՈՂ ՀԱՎՔԸ
Հողմն է ոռնում սարի գլխին,
Մտնում ձորերը`լուռ հանգստանում,
Հովը նայում է ձորաբերանին,
Մեկ էլ թևին է տալիս ու թռչում;

Լուռ հեկեկում են ձորերը միգում,
Ես հեռվից հավքի երգն եմ լսում;
Այրվու՞մ է կորցրած ձագի կարոտից,
Թե տխրության օրերն է հիշում...

Քարածերպերի մամռոտ բներում
Էլ ե՞րբ է գալու, անուշ երգելու,
Քանի աշուն է թռել, գնացել...
Ո՞վ է նոր երգը սարը տանելու;

    ***
      ԲԱԽՏԻՍ  ՆԺՈՒՅԳԸ
Ծիրանի ծովում բախտիս նժույգը
Ալիքների մեջ ամպեր էր դիզում,
Բաշը հողմահար սարից սար թռչում,
Ամպակույտերում դեռ ինձ էր փնտրում...

Ծիրանի ծովը ոսկեգույն ներկվեց,
Ձին առանց թամբի մնաց վերևում,
Խրխինջը դառավ մի մեղմիկ սուլոց
ՈՒ կարոտ սիրով ինձ իր մոտ կանչեց...

Թռա կապույտը, ամպերով անցա,
Նախշ ծիածանը առաջա փակեց,
Բախտիս նժույգը երկնքում մնաց,
Երկնի զով-հովը մարմինս գրկեց;

Փափուկ, հեզանազ ինձ իր հետ տարավ,
Հասա արևին,ջերմացա նորեն...
Ձիու խրխինջը ականջիս հասավ`
Դժնդակ բախտս  կապույտում                 մնաց...

   ***
Սահեց ամպիկը`փաթիլ առ փաթիլ,
Սարերը պատեց ձյուն ճերմակի պես,
Գգվեց կույսի հետ, խոտ ու ծաղկի մոտ
ՈՒ փեշը դանդաղ կապույտը տարավ;

Անմոռուկների աչիկների մեջ
Մարգարտանման արցունքը ցողվեց,
Ծանրացավ բիբը, թերթերը ընկան,
Ցողունը մնաց`ոստը կանաչած...

Թերթերը`թռչող հավքի կանչի պես,
հալվեցին դաղձի, յուղածաղկի մեջ,
Լանջերին փռվեց սարի հովիկը,
Նոր խաղ սկսեց սիրուն լորիկը;

Բարակ ցողիկը խոտերը  գրկած`
Կրժքին հակինթե փիրուզ ծաղիկներ,
Մեղմ օրորվեց անուշ հովիկից,
Ծաղկի բուրմունքից, ամպ ու որոտից;

    ***
    ՓԱԹԻԼՆԵՐԸ

Թեթև երամով բյուրեղ փաթիլներ
Հատ-հատ ցած իջան, նստեցին գետնին,
Մետաքս ժանյակով աստառ ու երես`
Կույսի ժպիտով իրար փարվեցին;

Ճյուղերին կպած ձյունե պատառներ`Մնացին սառած հույսի երազով,
Գրկեցին ծառի դողդոջ ճյուղերը
ՈՒ թույլ համբույրից խաբված մնացին...

Փլվեց արևից ժանյակի հյուսքը,
Սառած փաթիլից վարդաթերթ ծնվեց,
Աշխարհի բախտում արարվող ծառը`
Հոգի ու մարմին շաղախեց ցողով;

ՈՒ թավ  բացատում ծառը պսակվեց,
Քողն էլ նետեց հրաշք արևին,
Քույր եղևնու պես կանաչով զուգվեց
ՈՒ հաղթանակած ճյուղերը փռեց...

Փթթեցին բողբոջ, ծառ, ծաղիկ, տերև,
Կանաչ պտուղը արևով շողվեց,
Արևով լցվեց,արևհամ դարձավ,
Գգվող կույսի պես`ցող  ու շող գրկեց;
   ***
 Իմ  համեստ մուսա,դու նման եղար
Քարերի միջից բխող աղբյուրի,
Քարածերպերում բույսեր ջրեցիր,
Ծաղիկը բացվեց, հոտոտող չեղավ;

Տարիներ հետո աղբյուրը կորավ,
Իր երգի ճամփով ձորերը մտավ,
Աղբյուր անունը թռավ շուրթերից,
Միայն ասացին աղբյուրի ջուր է;

ժամ դրեցին ծորակի ջրին,
Թե երգերդ թող,իզուր մի հոսի,
Մարդիկ մոռացան,որ ջրի ճամփան
Չեն կարող փակել,ճամփեն կգտնի;

Խմեն, չխմեն,գովեն,չգովեն,
Նա պիտի հոսի, իր երգը ասի,
Բնության ձայնը չի կարող լռել,
Նա պիտի խոսի, ուր էլ որ լինի...
        ***
Ինչու՞ ես ժպտում,
Երբ իմ կարոտը
Հովերն են տարել,
Երբ իմ երազը
Ծովերն են ընկել,
Երբ իմ աշխարհը
Վառվել է, հանգել...
   ***
Շիկացած արփին ծամերը փռեց,
Հողի չաքչքված կուծքը մղկտաց,
Աղետյալների ճիչերը հոգնած
Հողաշերտերից կանչեցին մարդկանց...

Ինչ դալար շիվեր,նորաբույս ծառեր,
Խոր-խոր նիրհեցին սև-սև հողերում,
Հիմա արևը ինչպես տաքացնի,
Որ տաք վերքերը ցավից չբացվեն...


Հողն ուշագնաց, երբ խելքի կգա,
Արդյոք կամոքի արևը վերքեր,
Աշխարհի ցավը գրկած հայերիս`
Նոր երկունքը ինչ գարուն կտա...

***
      ՊԱՏՐԱՆՔ
Մանկանամ, վազեմ ձորերը զմրուխտ,
Արևկող հողից ձնծաղիկ քաղեմ,
Նստեմ բացատում, լուսե փունջ կապեմ,
Վազեմ մեր հին տուն ու մորս գրկեմ...

ՈՒ թռչունի պես ծվարեմ գրկում,
Մանուկ օրերիս երգերը լսեմ,


Մինչև քունս գա, անկողին մտնեմ,
ՈՒ ես երջանիկ մի օր էլ քնեմ...

ՈՒ երբ դիմացում արևը շողա,
Շողերը ընկնեն մորս լույս դեմքին,
Հակինթանման աչքերը բացվեն,
Ես ձյունի նման հալվեմ մեր տան մեջ...


   ԽՈՐՏԱԿՎԱԾ  ՊԱՏՐԱՆՔ
Լուսնի շող է ցողի վրա,
Գրկում`երազ,զվարթ ծիծաղ;
Լուսնի շողը ծոցում խաղաց,
Մանկան լացի պես անցավ;

Գետեզրի լուռ քարափը
Մարմանդ հովի հետ խաղաց,
Ջուրը եկավ փրփրեց,
Լուսնի ծողքը չքացավ...

Գետի եզրը մթով պատվեց,
Լուսնի շողքը բարձրացավ,
Մերկ կույսին տղան թողեց,
Ամպի նման չքացավ;

  ***
Լուռ է մեր գյուղը, մութ է մեր տունը,
Մթում նիրհած են մեր մասունքները,
Մութ ու խավար է մորս շիրիմը...
Քարով պատված է մորս շիրիմը...

Լույսը կբացվի, գյուղը կարթնանա,
Տունը լույս կընկնի, դուռը չի բացվի,
Օտար ափերից հորս սպասող`Մայրս շիրիմում հանգիստ կնիրհի...


***
Դեռ ձյունում ես, տեր իմ,
Պատան ես բերել անմեղ զոհերին,
Հանդարտ իջիր,
Քո պարզության մեջ պահիր հային`
Անմեղ զոհին...
Զգույշ ձգիր պատանը,
Մանկան շուրթեր են, փափլիկ ձեռքեր են,
Երազի, հույսի ծաղկաթերթեր են...

   ***
Տեր իմ, տար ինձ,
Տար հեռու մի վանք,
ՈՒր ոչ մի մարդ
Չի եղել այնտեղ,
Չի պղծել, չի քծնել,
Չի դավել մեկին...
Թող ես աղոթեմ
Առաջին անգամ,
Օրհնեմ  ճամփան
Սուրբ սերնդի...
Ես այն ասել եմ,
Ես այն երգել եմ,
 Այն իմ ոգին է...
Չեմ պղծի ,Տեր,
ՈՒժ տուր, թույլ տուր,
Որ աղոթեմ`
Մարդ մարդու
Համար...

   ***

   ՀՈԳՆԵԼ  ԵՄ...

Կառրած եմ հողին, ինչպես հին կաղնի,
Որ արմատները վաղուց կիսաչոր`
Ջրի փրթուր կաթիլն է խմում,
Աշնանը խաշամ-տերև է բաշխում,
Ձմռանը սառցե շերտն է գրկում,
Գարնանը թարմ հալոցքն է խմում...
Կիսամեռ թիկնած`դեռ կանաչում է,
Քանզի հող ունի, շրթին ջուր կաթիլ,
Վերևը արև,անձրև ու կարկուտ,
Դիմացը լեռներ,արծվաբներ...
ՈՒշ աշունէ, օրերն են ցրտում,
Ցուրտը տաշում է Մարդ-կաղնիներին,
Ընկած ծառերին, թռչող հավքերին...
Իմ աշունն է, ուզում եմ գնալ,
Մահկանա
ցուի հրաժեշտը տալ,
Հոգնել եմ
 արդեն`կառչած ապրելուց..
***
Ջրի վշշոց է,
մեղվի բզզոց,
Արևի ճաճանչ,
Գոլորշին կամաց
Ամպիկ է դառնում;
Ամի ապերը
Խնձորի այգուց
Մայի է կանչում;
Մի փոքրիկ պղինձ
ՈՒ աղ են ուզում;
Ծառաշատ ձոր է,
Ճերմակ մորուքով
Մի փոքրիկ պապիկ,
Մի սիրուն մայրիկ,
Կարմիր խնձորը
Գոգս են լցնում;
Մենք նեղ կածանով
Մենք տուն ենք հասնում.
-Խեղճ բնավերներ,
Գաղթական հայ են,
Գիշեր ու ցերեկ
Արցունք են թափում;
Ամեն առավոտ
Նանս կանչում էր.
՜յ, Ազնի՜վ, արի՜...
ՈՒ ջրի ափը,
Փոքր պղնձով,
Մածուն էր տանում
Գաղթականներին;
***
Ինձ թվում է,
Մարգերի միջով
Ջահելության լորերն են գալիս,
Ինձ թվում է,
Պարզության միջով
Երջանկությունս է գալիս;
Ինձ թվում է
Բարությամբ`
Ծաղիկներին եմ նմանվում;
   ***
Միտքս սարերում, միտքս ձորերում,
Ես ինչ եմ անում այս աղմուկներում;
Ես հյուրի նման, տունս հյուրանոց,
Երբ եմ գնալու այս հյուրանոցից;
Կգամ, կգրկեմ հողն ու ծաղկունքը,
Սառն աղբյուրի ջուրը կխմեմ,
Մանկությանս ծով արահետում
Տկար ոտքերով ուրախ կքայլեմ...

***
 Կեղծ, քծնող, շահամոլ մարդուկ,
Գիտե՞ս մի կյանք ես ապրելու,
Մի քիչ էլ մարդու պես ապրիր,
Բաց երեսով մարդկանց նայիր...
Մի օր ճշմարտախոս եղիր,
Մի օր նստիր, մտածիր,
Մի օր ծանր ու թեթև արա,
Մի օր էլ փող մի աշխատիր,
Երևի հոգիդ դատարկ է
Անջուր ջրաղացի նման,
Որ քարը քարին չի շարժում,
Ցորեն հատիկ չի կտրում;
  ***
       ՑՈՂՆ  ԱՄՊԻԿԻՆ
Գարունները ետ կգան,
Կույս ուռին կսգա,
Լացող աղջիկը կգա,
Հանդարտ ջուրը կժպտա;

Հովը, ուռին մեղնորեն`
Հին օրերից կխոսեն,
Էն աղջիկը մայրացած`
Յուր մանկանը կօրորի...

Մանկան աչքը կբացվի
Անմոռուկի աչքի պես,
Լացը արփին կտանի,
Որ ցող դառնա ամպիկին;


   ՈՒՌԻՆ...
Վարսաթափ ուռին սգվորի նման`
Թավիշ խոտերի ցողն է գրկել,
Աղեղանման չորացած ճյուղը`
Ջրի ցոլքերում  համերգ է տալիս...
ՈՒ միտք եմ անում, թե քանիսն ենք`
Կորած լարի պես այսպես օրորվել,
Քանի երազ է նվաղել, լացել,
Մութ անուրջներում հալվել, չքացել...

***
     ԱՐՏԸ ՏԵՍՆԵՆ...
Մամռոտ վանքի դռան շեմին
Ծունկ է իջել մի պառավ կին,
Խորշոմներն ինչպես կրակ..

Կարկառում է կապտերակով,
Դեպի երկինք`հույս երազով,
Գթություն է հայցում նորեն,
Որ կրակներ չվառե նոր...

ՈՒրուրից փախչողի պես
Փեշի  տակը ծվարած որբ,
Ձեռք է մեկնում սրան-նրան,
Դատարկ ձեռքը տանում բերան;

Պառավ կինը հուսահատված
Ցորեն -արտը մտնում հոգնած,
,Հասկը ձեռքով մաքրում, քամում,
Երկու հատիկ ցորեն ծամում...

Երեք հատիկ թոռան տալիս
ՈՒ հավքերին լուր ավետում,
Գաղթականներ ճամփեք, թող գան,
Արտը տեսնեն, նոր համբառնան...

***

ՋՐԻ ԿԱԹԻԼԸ
Բուրում է անտառի խոնավ քղանցքը,
Ինչպես գետակի թավիշ կանաչը,
Խաշամի ծոցից ջրի կաթիլը
Վազում է, գտնում մոտիկ առվակը:

Առվակը ուրախ խայտում է ձորում,
Գլորում ընկույզ, զկեռ ու կաղին,
Իսկ հաճարենու նռնաքարերը
Մեջքի փրփուր բերանը գցում:

Սառն առվակից, իրարից թաքուն,
Աղվես, նապաստակ, արքան անտառի,
Անմեղ եղնիկի մատաղ հորթուկը
Ջուր են խմում, վազու արոտի:

Առուն թռչում է սուրող քամու պես,
Հասնում գետին` խոնարհ, մտածկոտ,
Ժպտում , գգվում են որդին ու մայրը,
Ինչպես ծաղկունքի ցողը` արևը:

Գետի փրփուրում առուն խլրտում,
Ձուլվում, կորչում է գարնան հովի պես,
Ջրերը մտնում , տրորվում, ծեծվում,
Ցող- կաթիլ դառնում, երկինք համբառնում:

Դարեր ի վեր շուրջպարերի մեջ,
Իջնում , բարձրանում, սառչում ու նիրհում,
Կյանքը երկար` քարեքար ընկած,
Ոչ ոք չգիտի, ինչու՞ չի քնում...

Ոչ լեզուն գիտենք, ոչ միտքը պղտոր,
Լափում է, լիզում, վազում կատաղած,
Տարածը` տարած, քանդածը` քանդած,
Ուժը անչափ, ինքն անտուն, անսանձ...

ԵՐԲ ԿԳԱՍ

Դու կգաս, երբ նիրհից արթնանաս,
Դու կգաս, երբ սիրտդ լացի,
Դու կգաս,  երբ լուսինը թեքվի,
Դու կգաս, երբ  աշխարը նիրհի,
Դու կգաս, երբ ճամփան լուռ լինի,
Դու կգաս, երբ հողս նստած կլինի,
Իմ խոնարհ, խոնարհ, անթև մասրենին
Կշշնջա իմ երազ օրերից...

ԳՅՈՒՂՍ

Գյուղս մի բուռ է ձորի բերանին,
Ձորոմ գետն է , ձախ կողմը ` սարեր,
Սարերն անտառոտ, սարերը հեռու,
Գյուղիս ականջը ջրերի ձայնին:
Գյուղիս ճամփան սար է տանում,
Ճամփի կողքին վայրի տանձենի,
Խնձորի, զկեռի ու մասրի,
Սարի փեշին` հաճարի, կաղնի, 
Լորի, թխկի, բոխի, կեչի...
Խնկարկող ձորում, մոռի, մոշի...

Հավքերի երգը քամու թևերին, 
Օրոր են ասում նազ ծաղիկներին:
Արջ քոթոթը արևկող նստած`
Սիրուն եղնիկի հոտն է առնում, 
Փափկամազիկը թավիշ բացատում,
Կիսահաս մորի է ծամում:
Գյուղի թևերին Բացրել, Այգեղցի,
Երկու թևին հին գերեզմաններ,
Նորն էլ թիկնեց վերևի թաղում`
Կանաչ, արևոտ լանջում:
Էն Լորուտի մի խոր ձորում
Աղբյուր հուշարձան `հեռու աղմուկից...
Այս մի բուռ գյուղին պարտք ունեմ տալու...

ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

Հեղված արյունից ծաղիկը ծնվեց
Հայի ցողաթաց աչքերի նման,
Երփն գույներով ներկվեց ու զուգվեց
Ու սև արյան սար-բլուր հյուսվեց:
Գլխահակ մարդկանց Ագո թափորը,
Ապրիլյան այդ սևավոր օրը,
Ինչպես ծովի մեղմիկ ալիքը,
Ճեմում է կարծես Վշտի բլուրը:
Սահում է համրտ Ագո թափորը,
Սրտում ամոքած դարեր վերքը,
Ծիծեռակաթև մեղմաձայն երգը
Ծորում է , ինչպես լուսնի ցոլքը:
Հայոց աշխարհի երազ աչիկներ
Էլ չեն գլորում գույն-գույն գնդակներ,
Խատուտիկները աչքով շոյում են ,
Որ չտրորեն թավիշ խոտերը:
Տխուր արևը շեղվում է հարավ,
Հովը քարանում, թևին չի տալիս,
Աշխարհը Հայոց կրկին լալիս է ,
Կարեվեր սրտին մրմուռներ տալիս:
Հույսի  երազներ դարերին հասած`
Ամեն ամի ապրիլն ենք նշում
Հայոց աշխարհում վշտով պարորված`
Ատելության լեռ - սար ենք ծնում...

***

Խավար գիշեր է,
Աստղերը ու՞ր  են,
Վառեն ճրագը,
Այս ձորից դուրս գամ...


Ոչ ոք չի լսում 
Աղմուկը ձորի,
Նստում եմ քարին`
Մինչև լուսանա:

Մութը քաշում է 
Փեշերը վերև,
Լույսը ճառագում`
Սարի թիկունքին:

Ու կյանքով ապրող 
Մարդու ցնծությամբ
Երգում եմ բարձր,
Որ երգս լսեն:

ՄԻԱՅՆԱԿ ԵՄ ,  ՍՈՒՐԲ ԻՄ ՄԱՅՐ  

Աշնան մեգ է, դու չկաս,
Ձյունը ճերմակ  է, դու չկաս:
Հավքը եկավ, դու չկաս :
Ամռան տապ է, դու չկաս :
Մութ գիշեր է, դու չկաս :
Արև օր է, դու չկաս :
Երգ ու տաղ է, դու չկաս :
Ուրախ օր է, դու չկաս,
Դու էլ չկաս, , դու չկաս ...
Ասող չկա, հողը կա,
Մորդ ցանած սերմը  կա,
Ջահը ձեռքիդ սար գնա,
Մորդ հոգին լույս դառնա:

***

Խաղ է կյանը, թե խաղալիք,
Այսօր բաց է աչքդ, հոնքդ,
Վաղը` ընդմիշտ սև հողի տակ...
Այսօր անուշ երազներով,
Վաղը` անհետ կորած էակ ,
Երազներդ գերեզմանում, 
Երազներդ` դարձած պատրանք...

***

Ամպը իջել է`
Նստել թևերիս,
Դանդաղ գրկում է,
Համբուրում հեզիկ...
Ամպը սահում,
Ամպիկը գրկում,
Նազում ու հեզում 
Ու  քուլա-քուլա
Հեռու են գնում:               

***
ՀԱՅՆ ԱՆՄԵՌ

Մեր լեռները հպարտ ու սեգ,
Ջրերը ջինջ ու հստակ,
Գարունները կանաչ արև` 
Քնքշաբույր ծաղկած ծով...

Մեր սարերը կանաչ զմրուխտ,
Ծաղիկները յուղ, նեկտար,
Մեր անցյալը սև ուխտ,
Պարգևը մեզ միշտ քար:

Քար ու քար է սար ձորում,
Խաչ ու վանք է անտառում,
Խաչվող մրմուռ ու ցավ ,
Վրեժի ախտ մեր սրտում...

Ինչքան շատ են մեզ տանջում,
Ինքան շատ են թրատու,
Ութ գլխանի դևի պես,
Նոր ընձյուղ է ծնվում...

Չեն հասկանում խևերը,
Կյանքը մենք ենք պարգևել,
Մեր արյունն է հողի մեջ,
Ավիշը հայն է տվել:

Նոյի տապանը գրկած,
Նարեկա վանքը խնկած ,
Ավարայրը շիկացած,
Միայն հայն է ծնած:

***
Խաղաղ երեկոն 
Իջնում է հանդարտ,
Հյուսում ու քանդում
Ոսկե երազներ...
Խաբուսիկ վայրկյան,
Սուտ սեր ու կյանք է, 
Ծիծաղ ու լաց...
Օ~ֆ , ճշմարիտ մահ,
Եկ, վարագուրիր,
Տանջանքի հյուլե
Մի թող աշխարհում,
Թող ապրեն նրանք,
Ովքեր անհոգ են,
Ովքեր ծնվել են`
Ժպտալու համար:

***

ԽՆԴՐԱՆՔ

`Երբ գերեզմանից հոգնած տուն գաս,
Օրերն անցնեն, էլ հոգս չունենաս,
Խնդրում եմ,որդիս, փոշոտ գրքերս`
,Սուրբ մասունքներս,,  կրակին չտաս...

Սիրո թերթեր կան էջերում նիրհած,
ԵՎ չոր ծաղիկներ այգուց  ,,գողացված,, ,
,,Սիրի-սիրի,, տերևներ  խուրձ-խուրձ,
Զմրուխտ կանաչի մարգերից պոկած;

Արցունքի հետքեր, ցավեր, մրմուռներ,
Կարոտի կանչեր,անմոռուկ աչքեր,
Ջահել օրերի անզուսպ ծիծաղներ,
Չեմ ուզում մեռնեն նրանք էլ  ինձ հետ;            





..























..