Wednesday, December 8, 2010

Խատուտիկներ


            ԼԱՐԻՍԱ_ԶԻՆԱԻԴԱ  ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
              ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ
      /բանաստեղծություններ
                1997թ.-80էջ/

***
30-րդ  դարի մարդ
մի քիչ հապաղիր,
երբ օդանավդ վայրէջք կատարի
Լոռվա սարերում,
գթա, չտրորես անմոռուկներս,
ոտնահետքերս,
յոթ գլխանի շենքերի տեղը
դափ ու դագա էր,
խնոցու դնգոց, կժեր ու փարչեր`
փայտե, երկաթե,
պղնձե թասեր, թերեք ու հավաքս,
երկաթե սնդուկ;
Աղբյուրի ծայրին մի թարմ ավելուկ,
որով ծորում էր ջուրը`կըլթ-կըլթ,
լցվում կավե փարչը;
Սիրուն վարդաթուշ հարս ու աղջիկներ,
ամոթխած ու հեզ
,,Սոնա յար,, էին երգում լանջերին;
Հին հաճարենու  մոր չոր չյուղերից
ճլորթ եմ ընկել,
վախից սարսափել, որ ձորը կընկեմ,
կգնամ, չեմ գա...
30-րդ դարի մարդ, լսել ես թախիծ,
թեթախծելը հեքիաթից գիտես,
մեկ էլ....
30-րդ դարավերջի մարդ,
երբ օդանավդ Ձորագյուղիս թիկունքին
հասնի,
ձորապռնկին հառաչ կլսես,
պապիս ողբն է...
20-րդ դարում ավերվել է
նրա օջախը,
մարել է ծուխը, կտրել հույսը;
Նա դեմ է եղել դաժան խավարին...
Լսեք նրան, խորհուրդ է բերել
դարերի խորքից.
-Երջանիկ մարդի՛կ,
չարն ու կեղծիքը մոռացեք,
բնության սերմ կա, հողը փորեք,
հողը սուրբ է, սուրբ,
ընդերքում ուժ կա,
ուրիշին չտաք, ուրիշին չտաք...
խաղաղ ապրեք,
թույլ չտաք ատոմի հյուլե
ընկնի մեր հողում...

   ***
            ԽԱՉԸ  ԽԱՉ Է...
Փաթիլը խաչ է, կածանը խաչ է,
Վտակ -առուն ու գետը խաչ են...
Մեր բախտը խաչ է, հույս հավատը խաչ,
բուրվառ ու խաչքար, ծաղկող խաչքարեր...
Մեր խաչին ինչքան սուր է շառաչել,
գնդակներ կպել, վիհերը գցել,
նոթած դավերով`խաբված խաչքարեր,
գալիք դարերին եղեք վկաներ...
   ***
       ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ
Հրճվում էր արտը արևի գրկում,
բեղուն հասկի հետ հովն էր խաղում,
ջահել տղերքը արտի սրտում`
ոսկե խուրձ էին կապում ու դարսում...
Սարերի ճամփին մի սև ձիավոր
ծփուն արտն էր սուրում քամու պես,
չգիտեր` ինչ է խոսելու,
ջահել սրտերին ի՞նչ էասելու...

Հնձած հասկի պես նա ընկավ գետին,
սառ ջուր խնդրեց, վերցրեց, դրեց...
-Տղերք, կռիվ է, թշնամին մտել,
մեր ազատ հողում արյուն է թափում...
Լսեց արևը շշուկը հողի,
պարզ ժպիտները չքացան մի պահ...
-Գնացեք, տղաներ`հողի պաշտպաններ,
մի խուլ ներձայնով ասացին իրար...
Անցան բացատը, անտառը մտան,
սգվորի նման աղբյուրին հասան,
քարը լալիս էր, արևը շիկնում...
ՈՒ տղաները ծառերի սրտում
իրենց անունը նվեր թողեցին;
Ծառն էլ մղկտաց`սուրբ հողի համար,
ծառն էլ սգաց` սիրող մոր նման...
Տարիներ անց սևաչ պատանին
ծառերին գրած գիրը վերծանեց.
-Վարդան, Վահան,Գարեգին,Անդրանիկ,
Բաղիշ,Նորայր,Արամ, Ավագ, Սեդրակ...
ՈՒ սպիները տերևակալած`
շշնջում էին կարոտի ցավից.
-Գեթ մեկը չեկավ, գեթ մեկը չեկավ,
գեթ մեկը չեկավ էն ջահելներից...
ՈՒ հաճարենու չոր կնգուղներից
նռնաքարե հասուն հատեևը
դիզվում էին սև խաշամի վրա`
նահատակների երազների պես...
                                          1975թ.
    ***
      ԱՐՃԻՍՈՒՄ
Ամպը սահեց, լույսը շողաց,
կաղնին բոխուն փաթաթվեց,
վիրավոր զինվորի պես
հուշարձանը արտասվեց;

Գիշեր ու զօր ջուրն աղբյուրի
իր կարոտի երգը ցողեց,
թվաց` վաղուց գյուղ են մտել
տղաները ռազմադաշտի;

Չի ընդհատվել կյանքը վարար,
ձիախաղից տու են եկել,
շուտով պիտի փչի զուռնեն,
ծեր ու ձահել նորից պարեն...
    ***
Սաղարտախիտ անտառում`
սև մամռոտված քարի տակ,
ո՞վ է հանգչում խաղաղված,
կապուտաչյա որբուկը`
տխուր լացով մեծացած,
թե վշտաբեկ` մի խեղճ մայր...
Թե՞ զինվոր է հայազգի,
մինուճարը իր նանի...
Ագուցվել են կեչի, լորի,
ինչպես գետի քար ու ջուր,
մղկտում են` լուռ, անձայն,
որդեկորույս մոր նման;
                1982թ.-Վիլնյուս
   
       ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...
Այդ սիրող մաշող հենակները`
մանկությանս արահետից
եկան, անցան ջահելության
կամարակապ ծիածանից;

Այդ սիրտ մաշող կինոները`
հրճվանքը բալիկներիս,
ոնց են քամում արցունքներս,
ծիածանված մորմոքներս;

Այդ սիրտ մաշող հենակները`
ոնց են գերում ու քրքրում`
դեղնած, մաշված հուշ ամոքած,
սիրտս այրում բոցով քրքում;

   ***
     ԵՐԿԱՐ  ԽՈՐՀԵՆՔ
Մարդիկ, անտառի խիտ բույսերի պես
միշտ խաղաղ ապրեք,
զենքեր մի ձուլեք, վերքեր մի բացեք...
Ախր, ինչու՞ եք զենքեր ձուլում,
չէ որ ձեր որդուն էլ կհասնի այն,
թե՞ այդ ժամին նավի նրա
խրախճանքում կլինի,
իսկ նրա որդին, իսկ որդու որդի՞ն...
Մեր երկրի նյութական արժեքը
ձեր ինչին է պետք,
պապիս արորը, օղու պղինձը,
մուրճն ու գերանդին,
մի ողջ պետություն` հուշարձաններով
ձեր ինչին է պետք;
Դուք զեխության սովոր,
ունեք ժամանակ բացել փակելու
այդքան տուն ու դուռ...

Երկար խորհեք,
ռունբի պայթյունից,
թե որ պիտ մեռնի մանկան ճիչը,
/ու՞մն էլ լինի, ո՞վ էլ լինի,
կյանքի ծաղիկ է.../;
Բանական մարդ եք, մահկանացու եք,
թողեք ձեր միտքը, մի սասանեք հողագունդը;
Վերջին որբի ճիչը մեկ էլ լսեք,
-Ի՞նչ հրաժք էլ լինի,
մարդկային կյանքը պիտ գոյատևի,
աշխարհը դառնա հրաշք բուրաստան.
թող ձեր թոռները չամաչեն ձեզնից...
Աշխարհի մարդիկ,
բույսերի նման անդավ եղեք,
սիրող զույգի պես
թեթև ժպիտից իրար հասկացեք,
առանց այն էլ
մահկանացու եք, հողի բաժին եք;
Մարդի՛կ, երկար խորհեք,
չորբանա նորամանուկը`
գարնան Արևը...
                     1978թ.

     ԱԶԳ ԻՄ,ՀԱՄԱԽՄԲՎԻՐ...

Արցունքոտվել են Հայոց լեռները,
Սև-մութ ամպերը դարերի խորքից
Եկել պատել են մեր մորմոքները;
Այս քաղաքակիրթ քարե աշխարհում`
Նոր խաղ են խաղում բթամիտները;
Նրանք կարող են աղվաններ կոչվել,
Խաչքարեր դնել, ստել ու կեղծել,
Սուրբ արյուն հեղել, չմեղադրվել,
Հողի տակ նետել հուշարձանները
ՈՒ տերը դառնալ մեր պապենական`
Օրհնած ձեռքերով աճեցրած ծառին;
Նրանք կարող են ամեն ինչ անել,
Մեզ քոչվոր կոչել, անտուն ու անտեր,
Խլացնել անգամ դարերի երգը
ՈՒ փականք դնել մեր խաղաղ
Երթին` ազգի զարթոնքին...
Ո՞վ է ուժ տալիս այդ անօրենին,
Որին ձեռք` քանդելու՞ համար է
Տվել Աստվածը, լեզուն` ստելու՞...
Այսօր  էլ, իր դավ մանուկն անգամ,
Նոր սուր է ճոճում սուրբ ազգիս վրա...
Ազգ իմ, արթնացիր, համախմբվիր,
Տեր-Զորը հիշիր, իմ Վահագնածին,
դուրս նետիր շղթադ, հայ քաջածին,
Ցրիր սև ամպը Վշտի աշխարհից,
Որ չարունոտվի հրաշքով փրկված,
Քարաստանի մի բուռ սև հողը...
               12.09.89թ.
    ***
       ԵՍ ՉԵՄ  ՀԱՍԿԱՆՈՒՄ
Ես չեմ հասկանում,
Մարդիկ ինչպես են ուրիշի որդուն
որբացնում, իզուր լացացնեւմ,
միլիոնների՞, արդ ու զարդի՞,
կեղծ հանբույրի՞,
թե մաքուր ու անբիծ
հավերժ, սուրբ սիրո...

Ես չեմ հասկանում,
մարդիկ ինչպես են ուրիշի  տունը
հիմնահատակ քանդում.
թե՞տանտիրուհուն կամ տղամարդուն
հարմար չեն գտնում, իսկ ո՞րբ     մանուկը..

Ես չեմ հասկանում,
որ դրկից մարդուն տանել չես կարող,
ինչու ես քծնում, հետո բամբասում;
Տոնական օրն էլ` կեղծ ժպիտ դեմքիդ,
թունոտ համբույր ես դրոշմում դեմքին;
Կեղծ քաղաքավարություն,
բայց ինչի համար...

Ես չեմ հասկանում,
թե մարդը ինչքան ժամանակ ունի,
որ օրվա կեսը`չարածը ծամում,
բրեգդանս պարում, աջ ու ձախ խաբում,
կեսն էլ բամբասում...
Ոչինչ  չարած`պահանջ է դնում
 ու քննադատում վերևից ներքև,
շուրջը չի նայում, հաշիվ չի տալիս,
լեզվի տակ էլ ոսկոր չկա,
ինչպես ուզի  կպտտի...

Ես չեմ հասկանում,
թե բութ մարդուն ինչպես են տալիս
երեք տասնամյակ մի թավշե աթոռ,
լոկ նստելու՞,հրամայելու՞,
երբ ձախ ձեռքից ուրիշ ձեռք չունի,
այն էլ սրտից սնուցում չունի...


Ես չեմ հասկանում,
թե չարն ու բարին, խաբեությունը
ստվերի նման  ինչու՞ են շրջում,
երբ դարեր ի վեր մարդկանց չեն կրթել...
սերունդներին ճիշտը հասկացնենք,
ջահը  ջեռքը տանք` չխարխափեն...


Ես  չեմ հասկանում,
ատոմի դարում մինչև երբ եք ստեր փչելու,
սրտեր փչելու...
եկեք լուրջ խորհեք
ու արմատը հանեք` չարի, կեղծիքի,
ոչ թե թանաքը տողերի վրա,
խոսքը բերանում աջ ու ձախ  խաբենք...

Ես չեմ հասկանում,
թե վշտի բեռը ինձ ուր է տանում,
դժվար ճանապարհ, արահետ քարոտ...
Որտեղից ունեմ այսքան վեհություն,
արճճի նման համբերություն.
կդիմանամ այսքան ծանր ցավերին...
Ով է հասկանում, ճիշտը լուծում,
ով է հասկանալու, լուծելու,
դարիս, դարերի այս լաբիրինթոսը...
Իմ գեղաչ Մանուկ իմ Վահագնածին,
բիբլիական լեռան ձյունե թագավոր, խավարը
ցրիր, լույս ուղի հարթիր, բավ է խարխափեմ,
մի բան հասկանում, կյանքից հեռանում...

    ***
         ՏԵՐ  ԱՍՏՎԱԾ...

Քառուղիներում` բուրվառ բուրյանով,
բաց երկնքի տակ` ծվատված, տոչոր,
դիակը անթաղ թողած`
երկրպագել ենք, հողն ակոսել,
վերջին փշուր հացին կարոտ
վանք կառուցել,մեր լեզուն պահել,
թռչնաթև աշխարհներ ընկել, բայց հայ
մնացել...
Հրաշք բնություն, քեզ ե՞րբ մոռացանք,
քեզ ինչ արեցինք,
որ այբ, բեն, գիմն ասելիս`
տաք կուրծքդ տարար,
ինչպես տանում են աշնան տերևը,
ծառ ու ծաղկի փտած կեղևը,
ինչպես հեղեղն էլափում կողերը,
երախը լցնում, տանում վիհերը,
ինչպես կայծակն է այրոմ կաղնուն,
ինչպես բորենին այծյամ է լափում,
ինչպես քամին մոխիր է քշում...
Ո՞ր հայն էր աղոթքը մոռացել,
մոմը հանգցրել.
էն հարսնացու՞ն, որ մավի թիկնոցն էր
նաշխում,
էն լույս աղջիկը` ծամերն էր հյուսում,
վանեցի սասը` առջնեկին պիտի պսակեր,
էն ալևորը`ծոռի առաջին տարին պիտ նշեր
ու  կնունքի սեղան բացեր,
էն տունը`տասը տարի բարուր չէր տեսել...
Ո՞վ,ո՞վ էր աղոթքդ մոռացել,
Տեր` Ամենազոր...
Թե աշխարհին սխալ ներկայացված`
նեգատիվի համար եկար,
որ շվեդն ու հոլանդացին,
ֆրանսիացին, անգլիացին գան
հայոց հինավուրց հողը,
սգավոր Մասիսն ու Արաքսն տեսնեն`
արցունքը աչքերում սառած,
հայացքը Մուշ ու Վանին հառած...
Տեր`Ամենազոր, ի՞նչ աղետ բերիր,
ո՞վ է տեսել, կամ լսել`մայրը մանկանդիակը գրկի, ինքնագոհ աչքը ծիծաղի...
Թե`ծով վշտում շատ էինք լացել,
լացը լաց տվեց;
Տեր` Ամենազոր,
թույլ տուր աղոթեմ`
ամնեղ զոհերի սուրբ հոգու համար;
Անմեղ զոհեր...
Գթա, տեր Աստված, քո գառնուկներին,
կես բուռ մնացինք;
Ի՞նչ էլ անես,
չարի դեմ մաքառել գիտենք,
մենք անմեռ անմահ ենք, մեզ ահ ու մահ չկա,
մեր վշտալլուկ սրտում վշտի երակ կա,
պինդ ապառաժ ենք,
ատոմն անգամ չի կարողայրել,
սուրն  ու շարժը մեզ ինչ կանի;
Մեր Բիբլիական լեռը վկա,
մենք չենք մեռնելու,
մենք լեզու ունենք, խոր-խոր արմատներ,
տես, լեռն Հայոց` վշտից ճերմակած,
մեր խորհուրդն է`աշխարհին պարզած...

Դեռ ձյունում ես, Տեր իմ,
պատան ես բերել անմեղ զոհերին,
հանդարտ իջիր, քո պարզության մեջ
պահիր հային`անմեղ զոհին...
Զգույշ ձգիր պատանը,
մանկան շուրթեր են, փափլիկ ձեռքեր են,
երազի, հույսի ծաղկաթերթեր են,
զգույշ, մոր ցաված սիրտ է...
Տեր`Արարիչ հրածք,
չենք ուզում տեսնեն մեր մրմուռ լացը,
վաղուց գիտենք ճիշտն ու սխալը,
արի,որդան կարմիրով դիր սահմանը անեղծ
ու մի մոռացիր Արցախ աշխարհը` թևերը
կտրված,
20-րդ դարում սևազգեստ կանգնած;
Թե չէ Արաքսն ու Մասիսն էլ
ընդմիշտ կտանեն,
իսկ հայի սիրտը, բանական լեզուն,
դու հավերժ վկա,չեն կարող պղծել,
դարերի շրթին անթեղած մարխ են...

                    ՏԵՍԻԼՔ

Ամպամած գիշեր, կիսավեր վանք,
սուրբ երրորդություն աղոթարանում,
քամին խեղդում էր մոմի թույլ բոցը,
անգղը ճանկերով ինձ դուրս էր կանչում;

Դիմացը  լ եռ էր` սև ու քարքարոտ,
դիզված դիակներ`հարս ու աղջկա,
պապ ու թոռների, անբախտ  հոր ու մոր,
պտուկը բերնին`արյունոտ բարուր...

Կախարդի նման ում էլ ձեռք տվի,
արթնացան, թռան, զենք , զրահ հագան,
անսանձ ձիերը թռիչքով անցան,
զենքի շառաչը ընկավ սար ու ձոր...

Հայկն ու Արան ձորի բացատում,
Ոհմակը ջարդում, տրորում էին,
ես էլ ուժ առած`կորյունների հետ,
արքայից հեռու աչք էի դիզում;

Արևը ժպտաց, մասիսը հանդարտ
քողը սքողեց, մշուշը ցրվեց;
Նոյը երևաց աղավնին թևին,
ձեռքիս սուրբ  խաչը մատնացույց արեց;

-Երկնային տերը քեզ վաղ է պատժել,
կրիր քո խաչը, քո տառապանքը,
էլ մի անրջիր ուրիշ վայելքներ,
լսիր և հիշիր մեր նոր մաղթանքը


Աղաթիր, ապրիր քո մենաստանում,
զինվիր, պաշտպանիր հողը երկնային,
ու մատիտները, որ ձեռքդ տվեց
էն Մեծ լոռեցին, չթողնես անհետք...

Վախը  երկյուղը վհատված հոգուս
վանեց, անթեղեց միայն երկուսիս,
ինչպես գիշերում արևը, լույսը,
ինչպես մահճում` ոգին ու հոգին;
ՈՒ հյուղս մտա ահից կարկամած,
հրաշքով գտա մատիտը կոտրած,
խամրած թղթերը մոտս դարսեցի,
քրքումե բոցով տաղեր գրեցի;

Երբ այգը բացվեց` լուսե շղարշին
սգո թափորը Սպիտակում էր,
հայ տարաբախտը կուրծքն էր ծեծում`
հայացքը հառած կործանված ժամին:

    ****
     ՑՆՈՐՔ - ԵՐԱԶ

Կրակ  ու բոց էր Լոռվա սարերում,
սև արյան հոսք`խանձված դաշտերում,
մայրական ողբ, սրերի շառաչ,
լեռնացող ճիչեր, ողբասաց հառաչ...

Մամռոտ պատերից կարոտ էր կաթում,
արյուն-արցունք օրորոցս հին,
ավեր ու խավար, փակ տուն ու դուռ,
այրվող օջախի ցավեր ու մրմուռ;

Հոգնաբեկ մայրս  ինձ դուրս էր կանչում,
թամբած ձիերը մատնացույց անում,
արցունքն աչքին զինում ու չամփում,
ինչպես արել էր ջահել օրերին;
                    1989թ.
        ԿՈՒԶԵՆԱՅԻ
Կուզենայի`
կռունկները մեր աշխարհից
տաք հարավ չգնան,
կարոտներով օտար ճամփի
խաչմերուկում չմնան;
Ծանր օրին մարդն էլ է
սահում, գնում`
կարոտակեզ հայ մնում,
իսկ մի բուռ Քարաստանը,
ո՞վ պահպանի, արյուն հեղի...
Բախտ է, մեկ էլ տեսար,
մեր աղբյուրը փակվեց, գնաց,
սև հուդայի բաժին դարձավ...
Կուզենայի հայը մնար
իր Քարաստան Հայաստանում,
նեղ օրն էլ է մարդու համար,
սա էլ կանցնի, բարին կգա;
Կտրիճներն էլ մարտում զոհված,
որ տաք արյամբ հողն են ներկել,
գարնան ծաղիկ դարձած կգան...
Կուզենայի`
մանկությանս լիքը ձորը
նորից ծաղկի ու հրաշքով
մերոնք տուն գան,
ծուխը ծխի շեն օջախի,
խաղաղ գրկի հովը գարնան,
գնա եթեր, գնա՜,գնա՜...
Կուզենայի կուզենայի,
որ երեխան չարցունքոտվի,
ոչ օջախում, ոչ էլ դրսում,
հոր ու մորով, յոթը հոգով,
աղ ու հացով սեղան նստեն...
Ծովից ծով Հայաստանը,
մայր Արաքսը` Բյուրակնյան
սուրբ արցունքը,
ողջ հասակով մերը լիներ,
վարար գետը գնա՜ր, գնա՜ր,
ոչ թե թուրքի սահման լիներ...
Մեր սփռված ազգը վշտոտ,
տուն դարձի ճամփեն բռներ...
Պետությունում սահմանադիր,
գողը մնար առանց ձեռքի,
առանց լեզվի...
Բանտ չլիներ, գաղթ չլիներ,
տուն ու դուռը անբանալի,
ելք ու մուտքը առանց դավի,
կուզենայի ազատ լինել,
թևածել աշխարհ-աշխարհ,
վերընձուղված Արցախը`
մայր աշխարհի թև թիկունքը`
/20-րդ դարավերջին/ արյան գնով
հողին կառչած`
կորյունների պատմությունը,
ոսկեծղնով վերջին անգամ,
վերջին անգամ գրվեր
ու Եղեռնի սյուների մոտ
արյան հուրը`որպես
սրտի անմար կրակ,
հար բոցկլտար,
որ դարեդար անիծվի
թուրք օսմանը`մարդակերը,
այդ հայակուլ ոխակալը...
Կուզենայի,կուզենայի`
մեր սահմանը մի հրաշքով,
հեռու լիներ ժանտ հրեշից,
պատմությունը չկրկնվեր...
Ինչ իմանանք, գուցե մի օր
սև բորենու միտքը  շարժվի,
կամ էլ հիշի`
հայ արծիվը լեռներում է
բունը դնում, ձագեր հանում...
Հայ Արծիվը սեգ լեռներից
ուր էլ գնա,
գարուն կգա, ետ կգա,
Հայոց լեռն առանց Արծիվ
 չի մնա...
Կուզենայի՜,կուզենայի,
մեր վաստակի`դառ-քրտինքի,
հացը ուտենք,
էլ չմուրանք օտարներից,
աղուտները բերրի դարձնենք,
բռան ջրով լճեր շինենք,
հալալ հացի տերը լինենք...
Հայ կնոջը կյանքի կոչենք,
նախշ-նկարով`գորգ ու կարպետ,
չալպտուրիկ գուլպա գործենք,
ասեղնագործ ժանյակներով,
շեն օջախը զարդանախշենք
սերունդներն ուսուցվեն,
ժառանգության տերը կնքվեն,
ոչ թե անհոգ `սուրբ մասունքը
թուրքին տանեն
ու հռհռան, գովազդեն`
ունևոր ենք, տուն-տեղներս
թուրքական կերպաս է...
Ձեռքիս, վզիս թուրքական ոսկի,
չիմանալով` արյան սև հոսք...
Կուզենայի`
հայը լիներ միայն կաղնի,
թեկուզ թեքված, հողին կառչած,
մնար, մնար`որպես կաղնի;
Հայը լիներ պարզ բնության
ծառ ու ծաղկի, թռչներգի,
հողատիրոջ հոգսերով լի,
դպրության ջատագով,
բարեժպիտ, հոգով հպարտ,
աղ ու հացը ընկերոջը բաժին հանող,
առանց դավի ու հեգնանքի,
ցավ դարմանող, նեղ օրերին  ,,ձեռը բռնող,
,ոչ թե փողի քսակ`
վիզ ծռած, ստրուկ դարձած,,,
Կուզենայի , խելքի գայինք,
ազնիվ մարդուն, ազգի համար
կյանք տվող, հային ընտրենք,
որ պատրաստ է` արյան գնով
հողը պահել...
Չգիտեմ, էլ ինչ...
Միայն գիտեմ, որ մի օր
հրաշք լինի`
նորից հաշտ ու խաղաղ
արնածոր հայող հողում,
սրբերի հետ ապրել ուզեմ...

           ԱՆՑՆՈՒՄ ԵՄ...
Անցնում եմ, ու պարզության ձայնն է կանչում,
որ մոխրացող կարոտների ստվերներում
անթեղվեց,
որ բոցկլտա մի մութ գիշեր
 ու խավարը ցրի , տանի,
սրբագործի հույս, հավատ,
մարդկային հոգու ախտը
արմատախիլ անի իսպառ...
Ի՞նչ է մարդը` շնչավոր կատարյալը,
մենք էլ նրա ժառանգորդը...
Վիշտ ու թախիծ միշտ ամբարած,
կամ պոթկում է պատռում
ափեր, տրորում մարդ ու օրենք...
-Մարդկայի՜ն է, մարդկայի՜ն է,-
մխիթարում հաճախ իրար,
վշտակցում, կամ բամբասում,
ելքը գտնում մարդկային ոռոգայթում;
Երբ մարում է փոթորիկը,
սիրտն համաչափ զարկն սկսում,
տեսնում ես` ինչքան շատ ես
տվել, առել,
ծանր ու թեթև արել,
բան չես գտել, բայց տվել ես անկարելին...
Մարդ-Աստված,
բա որ մարդը խելոք լինի,
կմոլորվի սիրո բոցից,
խենթ խոսքերից,
ծանր ու բարակ բամբասանքից...
Խոսքս Մարդու մասին է լոկ`
զերծ մարդկային ախտ ու կեղտից...
Եկենք վիճենք, չընդհանրացնենք;
Մարդ-կաղնիներ կան աշխարհում,
ես դրանց եմ երկրպագում,
որոնք քիչ են այս կարճ կյանքում
/գուցե ինձ են քիչ պատահել/,
որ չեմ ցանկա մատնանշել...

 Կեղծն ու՞մ էպետք,
թեկուզ լինի ոսկու քսակ;
Մրջաբունն էլ արժեք ունի,
երբ մրջյունը հող մանրում,,,
Իսկ թագը`ձուլված կեղծ ոսկուց,
կամ մի բաժակ թթու թանը,
որ կծվում է ջերմությունից,
յուղը հալվում տաք հպումից...
Լիքը հոգու`ներաշխարհի գանձերը բազում,
որ չի փոխվի
ոչ մի գահի ու թագի հետ...
Հոգու գանձը շատ անհաս է,
թանկ է այնքան ու սակավ,
որ քչերին տվեց Աստված...
Մեկը ունի փողի քսակ,
կամ վաստակած,կամ գողացած,
մեկը ` շքեղ ապարանքներ,
սիրուհիներ ու ծառաներ,
կեղծ կոչումներ, աստիճաններ...

Վայելքներ ու վայելքներ,
լիք սեղաններ, կեղծ ժպիտներ,
ծածուկ սերեր,նոթած դավեր...
Ի՜նչ զազրելի ու նողկալի
արարքներ կան մարդկային...
Թող ինձ ների Աստված մեկ էլ,
այս անցողիկ կյանքում,
շատերի ու ինձ համար գրոշ է դա...

Աղքատ գրպան, լիքը հոգի,
որ մրջյունին չի էլ կոխի,
հոգու համար լոկ կաղոթի,
նրա համար,
ով տեսնում է ծառ ու ծաղկի բողբոջումը,
թռչունների վեհ ճախրանքը,
կռնչյունը,
կամ էլ ճիչը` ցավի, տենչի...

Ճնճղուկն անգամ օգտակար է բնությանը,
նույնիսկ անչափ, իր խեղճ ու կրակ ծվծվոցով
շենացնում է լացող տներ, ավեր բներ,
իսկ ու՞մ է պետք դատարկ հոգով,
լի գրպանով հաստափորը,
որ չի տեսնում հոգուտ խորքի մութ անկյունը,
ուր կան սերմեր, լույսեր, հույսեր,
որոնց բարի շունչ է պետք...

Բողբոջում են ծառ ու ծաղկունք,
պսակվում է բնությունը ու արարվում...
այդքան շքեղ պարահանդես,
մարդն ինչքան էլ ընդօրինակի,
որքան էլ պճնվի, բնականին անհաս է,
պատճենած թուղթ է մնում,
իսկ երբ մարդու հոգին լիքն է
հույզ ապրումով,
գլուխը չի թեքում,
երբ լացող մայր է տեսնում,
որբ ու սոված, վիզը ծռած խեղճ մանուկներ,
չեղածից, իր գրպանի լումայից,
սրան-նրան հաց է տալիս...
Մարդ էլ կա, որ խոսում է,
գովաբանում ինքն իրեն,
հաճախ էլ պաշտոնյային`
թեկուզ լինի բութ մարմնացում,
աստիճան է պետք անցնելու...

մահկանացուն չի հիշում մահվան օրը,
թե որ հիշի, գուցե մի քիչ հաշվի նստի,
կամ սարսափից հոգին լցվի,
ոչ թե վախով`ձեռք բերովի գութով,
այլ` խղճով...
դե, ինչ արած, բնությունը թեկուզ շռայլ,
չտվեց բոլորին մարդկայինը` անթերին...
կյանքի, վշտի, թախծի համար
լացող տվեց, թե՞ստեղծեց, ի՞նչ իմանանք...
խենթեր, ինչքան ասես, բյուր են, բյուր`
խենթանման գլուխներն են օրորում,
սրան-նրան վատաբանում,
լուռ տրորում, ճամփան փակում;
Իրենք են, կան` աստվածային
շնորհքի տեր, դարի ծնունդ...
Մեկը  չկա, մի օր հարցնի,
եկենք հաշվենք ու բաժանենք,
Ձեր տվածը,
եթե օրվա 1/4-ը աշխատեիք
զուտ տաղանդով/ եթե դա կա/,
ոչ թե շինծու...
Օ՜, հրաշքներ կկերտեիք...
Ոչ թե մարդը պիտի ասի`
ես մարդ եմ,
դիմացինը առանց խոսքի,
կնկատի մարդ-Մարդուն,
ոչ թե քայլող երկոտանուն,
այլ Մարդուն...
գուցե ասեմ` աստվածային առեղծվածին...
որոնք քիչ են, այնքան նվազ,
որ կես դարում մեկ երկուսին
հազիվ գտա;
Եվ այն դեպքում,
երբ փնտրել եմ միայն նրանց`
ուշի- ուշով, անդադրում...
Թող ինձ համար վատը լինեն,
բայց մարդ լինեն,
նախ արարեն, նոր վայելեն,
մրրիկի պես չանցնեն, գնան,
զգույշ անցնեն, որ ծառերը
արմատները հողում պահեն,
ծաղիկները չտրորվեն,
մանուկները չորբանան...
ՈՒ միշտ հիշեն`մեր բաժինը
չորս տախտակ ու ութ մեխ է,
իսկ հունդերը, որ թողնենք,
պիտի լինեն անթերի...
ՈՒ ավանդենք, խնդրենք ԱՍՏԾՈՒՆ`
շունչ տա, պահի ու պահպանի
հոգով հարուստ ԿԱՏԱՐՅԱԼԻՆ...
     ***
Մրսե՞լ եք ,վայրի իմ մասրենիներ,
Անխիղճ մրրիկը տնավեր արեց,
Թե վաղ եք նիրհել են լի ձորերում,
Իմ վառ մանկության ուրախ օրերում...
                                        1981թ.
       ***
    ԳԱՐՈՒՆ

Գարուն, մի այրիր հույզերս մարող,
Թող զգամ ցավը սիրո ապրումի,
Տեսնեմ ծաղկումը նորատունկ ծառի,
Փթթուն զարթոնքը ,կանաչ սարերը;
Լսեմ կանչերը, մեղվի բզզոցը,
Մանկան ծիծաղը, գետի շառաչը,
ՈՒր մամռոտ ափին հեքիաթ եմ լսել,
Քարեր շպրտել, փրփուրներ համրել,
Շաղոտ ոտքերս օծել եմ ջրով,
Ծոցս հեղել մանուշակներով,
Երազներ հյուսել,գնարբուկ փնջել,
Աղբյուրի ակը ձեռքովս եմ բացել
ՈՒ ամեն անգամ մենակ մնացել;
Գարուն`ծաղկուն-հյուսք, երազ անհատնում,
Անմոռուկների դաշտերի միջով
ՈՒ յուղածաղկի քղանցքը բռնած`
Ցողոտ սարերը գնալ եմ ուզում;
Ինչպես կռունկը հարավից եկած,
Միգոտ դաշտում, մամռոտ ձորում,
Խելակորույս պտտվում է,
Թևափակ ճյուղին թառում;
Քնեմ եղնիկ հորթի գրկում,
Մորի քաղեմ, ծեղին շարեմ,
Կկվին կանչեմ,աղերս լսեմ,
Սարի ճամփով դանդաղ քայլեմ...
Կակաչների խրձեր կապեմ,
Մի լալազար  ծամիս դնեմ,
Հին կածանով ձորը վազեմ,
Ծառ ու թփին մեկ էլ գգվեմ;
Իր աղբյուրը իր տեղում է,
Բուռա լցնեմ ու համբուրեմ,
Թե մտել է ձորը մամռոտ,
Ոտաբոբիկ հետքը գտնեմ...
Գարուն, թե որ ծոցդ չգամ,
Թող վազվզեն ջահելները`
Դեռափթիթ ,նազ -ոսկեծամ,
Գտնեն իրար չհեռանան,
Մազարմատը մայր հողից
Օտար հողում չդնեն,
կածանները կաթնարմատի
Ասֆալտներով չփոխեն...












Այ, իմ խենթ պատանի;

Մի՞թե չար հողմերը
Տարել են շատ հեռու,
Մի՞թե էլ չես գալու,
Չես գալու, կանչելու;

Եթե գաս, ինձ կանչես,
Ես նորից ետ կգամ,
Սիրավոր լորի պես,
Քո գրկու կմնամ;

Այ, իմ խենթ պատանի,
ՈՒ՞ր ես, ու՞ր,էլ չկաս,
Մի՞թե չար հողմերը
Տարել են քեզ անդարձ...
                 1969թ.-ԹԵՂՈՒՏ
              ***
Այնպես եմ ուզում
Քեզ մոտ լինել,
Զրուցել, ծիծաղել,
Թախծել, երազել...
Այնպես եմ ուզում
Քեզնից հեռանալ`
Անունդ,անունդ
Երբեք չհիշել...
       1967թ.
 ***
Երեքնուկների թերթերը պոկում,
Փնտրում են այսօր իրենց երազին,
Հիմար աղջիկներ ընկան տղային,
Հետո`լավը, խելոքն ու բարին,
Թերթերը պոկեց, դրեց գրպանը;
Աղջկան ընկան անմիտ տղաներ,
Տխրեց աղջիկը, լացեց ու ժպտաց.
-Ես չեմ հավատում ճակատագրին;
Պոկված թերթերը թևաթափ ընկա
Քամին  քշեց, մացառը գցեց...
Երկար խորհեցին աղձիկն ու տղան`
Բախտ-ճակատագիր լաբիրինթոսում...

                   ***
Երբ սիրահար զույգ եմ տեսնում,
Ուրախանում եմ սրտանց,
Երբ` ծիծաղկոտ գեղաչ աղջիկ,
Կյանքը հավերժ է թվում...
Երբ` ծաղիկներ գարնան բուսած,
Ինձ երազներն են կանչում,
Երբ` աստղազարդ, պարզ, ջինջ երկինք ,
Սավառնում եմ կապույտներում...
Երբ` ծերացած,դողդոջ ոտքով,
Հենակներով ծերունի,
Սիրտս ցավից է մղկտում,
Երբ` հաշմանդամ պատերազմի,
Երբ մանկություն եմ ապրում...
                    08.02.1970թ.
          ***
Էլ ի՞նչ եմ ուզում կորած օրերից,
Ի՞նչ եմ փնտրում, անգոյ երազում;
Անհանգիստ մարդ եմ` ի ծնե այսպես,
Վազում եմ,վազում, գտնում, կորցնում...

Երազիս գալիս`ժպտում ես անխոս,
Երբ ենք ասելու, որ մոլորված ենք,
Երբ ենք զգալու`խաբված ենք
ՈՒ հազար անգամ ասելու`ափսոս...
               ***
Ինչ-որ մի բան գտնում
ՈՒ կորցնում ենք,
Ինչ-որ մի բան փնտրում,
Չենք գտնում կյանքում;

  ***
       ԿՈՐԱԾ  ԻՄ  ՍԵՐ
Իզուր եկա քեզ փնտրելու,
Մանկությանս միգոտ սարում,
Ջրի ափին, աղբյուրի մոտ`
Ծով ծիրանի զմրուխտ դաժտում;

ՈՒր կակաչն է վիզը հակել,
Շուշանի հետ պինդ համբուրվել,
Լույս արտույտն է տաղը սփռել,
Արտի եզրով ձորը մտել;

Վաղուց անցած աշնան ամպ ես,
Արդեն հանգած տխուր սիրտ ես,
Շատ փնտրելուց օգուտ չկա,
Աստծո կամքով`դու էլ չկաս...

  ***

                  ԿԳԱՄ...
Թևերս փռած դեպի քեզ կգամ,
Կանաչ գարունքին, Լոռվա սարերով,
Վազեվազ մորուտ ձորը կմտնեմ,
Մանուկ օրերի անուշ երգերով ...

Դեպի քեզ տանող ճամփեն կբռնեմ,
 Թեկուզ կրակե լեզվով պարուրվեմ,
Նորից այրվելով` քո տուն կմտնեմ,
Մարած հույզերդ կրկին կվառեմ ...
                                                   1963 թ.
***
             
          ԱՐԴԵՆ ՈՒՇ Է...

Իրիկնային աղջամուղջիս`
Թիկնաթև, սև մութի պես
Դու մի արի,
Չես կարող բալասանով
Սրտիս խորունկ վերքը բուժել,
Խոր է այնքան, ինչպես սև վիհ,
Սպիներով հազար ու մի ...
Թող հեռանամ առանց սիրո`
Բոցավառվող կրակների,
Ինձ մխացող մարխ էր բաժին,
Լույսի հեղեղ այս աշխարհում ...
Մայրամուտս կամարվում է
Կարոտներիս տաճարներում,
Ծիրանագույն անուրջներս`
Հազիվ-հազ ափ հասած ...
Հոգուս խռովք ալիքներում
Քեզ եմ սիրով գուրգուրել,
Դու վախվորած չես մոտեցել,
Փախս ես տվել լռիկ-մնջիկ,
Իմ հոգնաբեկ ժպիտներից ...
Երկու խարույկ` հեռու, անտես,
Մոխրացել են լազուրներում,
Ինչպես սահող ամպի քուլա ...
Ուշ է արդեն,
Մշուշված կարոներս` որպես մասունք,
Տանում են
Անաղարտ երազներիս
Թամբին դրած ...
Փշաքարոտ արահետս
Հատվում է մայրամուտիս ...
Ուշ է արդեն,
Ժամ առաջ գոնե գայիր,
Վերջին միտքս, թռչող խոսքս
Իմանայիր,
Ծոր է տալիս աստղս նազով`
Խոցված, հոգնած ...
Ուշ է արդեն ...
        1993 թ. հուլիս

 ***

                     ԷՅ՜, ԱՆՄԻՏ ՄԱՐԴ
Աշնան մեգը թևերս գրկել,
Նման ձյունե ծանր վերմակի,
Ջահելանման  ուզուն ես փարվեմ,
Մոռանամ օրն իմ տանջանքների;

Ինչպես սարը գրկած ամպեր,
Աչքս առաջը չի տեսնում,
կայծ ես փնտրում, հուր անհատնում,
Աչքս թարթել չես ուզում;

Քայլքս մոլոր ու վհատված,
Առանց հենակ քայլ չեմ  գցում,
Աղաչում ես` մի քիչ քայլենք,
Կորցրածդ ետ ես ուզում;

Քայլքս մոլոր ու վհատված,
Առանց հենակ քայլ չեմ գցում,
Աղաչում  ես` մի քիչ քայլենք,
Կորցրածդ ետ ես ուզում;
    
Դեռ մխացող սրտիս հուրը,
Որ չծաղկեց սիրո բովով,
Ափսոսում ես`չջերմացավ,
Սին ու տկլոր քո խոսքերով;

Սև ծրար էր ցուրտ հյուսիսից,
Մշուշ ու մեգ`սիրո հանդես,
Ինձ համար խորթ լեզվով գրված,
Սիրտս արեց երկուս ու կես;

Ցուրտ եղյամը իջավ գլխիս,
Սիրտս անհագ բոցեր տվեց,
դանդաղ քամուց հուրը մարեց,
Ծիրանագույն մշուշի պես;

Մշուշապատ հոգիս այսօր,
Չի ջերմանա կեղծ խոսքերով,
տասը չափեիր, մեկ կտրեիր,
Չպատվեիր գորշ մշուշով...
                        1992թ.
   ***
      Ա՜խ,ՀՈԳՅԱԿՍ
Ամնեռ է Սերը հավերժ թևածող,
Մրմուռ ու թախիծ իրար շաղախող,
Հոգեթև երգ է մանուկ հուշերի,
Անմար կանթեղ է լազուր երկնի...

սուրբ աղոթքն է ծաղկուն հասակի,
Քնքուշ երազ է լույսի շողերի,
Քաղցր անուրջ է տենդոտ աշխարհի,
Հուշ ու կարոտ է ջահել հասակի;

Որքան էլ ճրը սևով պատվի,
Գարունը ծնվի առանց ծաղկունքի,
Հավքերը չվեն երկրի անհունով,
Սահում է հուշը քարածերպերով;

Ջրերի երգը ջահել շուրթերին,
Ծերության դուռը թակել չի ուզում,
Գիշերեպահին սևով է պատվում,
Առավոտ լուսե փյունիկ է դառնում;

Մի փնտրեք նրան ու մի վանդակեք,
Ճախրանքը թովիչ անտես է մեզնից,
Մրմուռը ամոք,անհաս,երկնային
Կմնա կանթեղ կյանքի ճամփեքին...

Ավա՜ղ,հոգյակս,դեռ չես տարբերում,
սերն ու կիրքը երազ աշխարհում,
Ապրումը, հույզը ներաշխարհների,
Անամոք վիշտը սին պատրանքներից...
                                 1996թ.-հուլիս
              ***
      ԱՐԵՎԸ ԹԵԿՈՒԶ ԻՐ ԱՉՔԸ ՓԱԿԻ...
Անցողիկ ճամփա ն ինչքան է քարոտ,
Ինչքան  տատասկոտ,
Երբ ինքդ ես կածանը բացում,
Հետո ուզում ես մտնել մայրուղի,
ՈՒր ամբոխն է խելահեղ վազում,
Տխուր, ուրախ, թե՞ ներանձնացած...
Անցման համար կամք է պետք,
Թե՞ բահ, քլունգ,դանակ, բրիչ երկաթի
Թե որ ուժ չունես վերամբարձիչի,
,ՈՒրեմն մնաց օգնական ձեռքդ,
ԵՎ այն եղունգը,որ կոտրվում է
Վիտամինների պակասությունից...
Մտքովդ անցավ, դե պիտի մտնես;
ՈՒ սկսվում է անհուն տանջանքը,
Մի օր անձրևը  կավը ցոխ սարքում,
Մի օր ձյունը թզաչափ ծածկում,
Կամ սննդի պակաությունից
Թուլացած ձեռքը չի կարող գործել...
Հալվում, ձուլվում են բոլոր կապերը,
Ինչպես ամռանը կովի քարաղը...
Ինչ էլ լինում է, մի օր հասնում ես;
Հիմա էլ ոտքդ առաջ չի գնում,
Խամությունից,թե՞ պակասությունից,
Քայլքը նման`ոտքի կանգնած մանկան,
Կամ մեջքը ծռած այն ալեզարդին,
Որ թոռի ծուռ կոշիկն է հագել;
Կամաց-կամաց դառնում ես` դու էլ
Նույն ճամփի ճամփորդ, բայց ոչ` պաճուճված...
Վրա է հասնում հատուցման ժամը,
Անցորդն անգամ վիզը չի ծռում,
ՈՒղիղ իր ուղով առաձ է գնում...
Լսվում է ծիծաղ ինչ-որ քաջքերի,
Հռհռոցներ շիկահերների,
ՈՒժեղ սուլոցներ թաղի տղերքի,
Բամբասանքները պառավ -ծերերի,
Իր հավատ խաչով,իր երազներով,
Մահը դժնդակ կարող է խեղդել,
Տանել վիհերը տանջահար մարդուն...
Այդ մժեղները, այդ զինվորները,
Թեկուզ կրակեն, պիտի վրիպեն,
Թե սիրեն,չեն սիրվի, կպարտվեն,
Քանզի տիղմի մեջ շուշան չի աճում,
Հակինթ չի բացվում, սուսամբար նազում;
Սոխակի մասին խոսք ավելորդ է,
Իր այգին չկա, իր վարորդը չկա...
Ինչպես կարող է երգել անընդհատ;
Մարդ-էակը` կատարյալն աշխարհում;
Ելքը գտնում է, թողնում է, գնում,
Հին կածաններում շշուկներ որսում,
Որոնց բերում է մանուկ հովիկը,
Որպես բալասան մայրական ձեռքի...
Մարդիկ անքթիթ իրսր են նայում,
Թե ինչ պատահեց այդ ճանապարհին,
Ինչու՞ են նրանք տնետուն վազում`
Թախծոտ, տատասկոտ, ի՞նչ է պատահել ...
Դե, իրար նման մարդիկ են սրանք,
Կեղտ ու մրի մեջ ապրած, մեծացած:

Տեսնում են ճամփի մեջտեղը կանգնած`
Հպարտ հայացքով մի կին գեղանի`
Ձեռքերը պարզած դեպի Գողգոթա:
Ժպտում է, նազում, նորեն գնում
Դեպի լեռները` անառիկ ու վեհ,
Որոնք մաքուր են, զերծ աղտ ու կեղտից,
Զերծ մարդկային կեղծ ժպիտներից ...
Ու սահող հովը բերում է շշուկ.
-Արևը թեկուզ իր աչքը փակի,
Ժպտացեք մարդկանց մանկան ժպիտով,
Նրանք կարոտ են անմեղ ժպիտի,
Վարակեք նրանց խինդ ու ծիծաղով,
Ուսուցեք` անցնել ճիշտ ճանապարհով ...
                                   1996 թ. հուլիս

***
                       ԻՆՉՈՒ ՞ ԵՏ ԸՆԿԱ ...
Քար լռություն է սարերի գրկում,
Առվի վշտահար երգն է լսվում,
Լսիր, իմ քար սիրտ, միայն մռնչա,
Այս քար աշխարհում քեզ բաժին չկա ...

Երազներս սահուն անցան,
Երամս թռավ` անդարձ  հավիտյան ...
-Ինչու՞ ետ  ընկար,- ինձ մի հարցնի,
Վշտահար առուն` թող ինձ հանգրվան ...
                                       1985 թ. հուլիս, ԹԵՂՈՒՏ
***

                    ԳՈՆԵ ՄԻ ՕՐ 
Ա՜խ, իմ մանկության երազ բալենի,
Թևերդ  փռած ում ես սպասում,
Հովերդ  գրկած ով է արտասվում,
Ում գաղտնիքն ես սիրով ստվերում:

Մի օր կախարդված թիթեռնիկ լինեմ,
Վարդաթերթերիդ նեկտարը խմեմ,
Ազատ թռչկոտեմ ծաղկոտ ստվերում,
Թավիշ կանաչի ցողոտ մարգերում ...
...............................................................
...............................................................
Արևշոր հագնեմ և ուրախ խաղամ,
Ճերմակ թևիդ տակ` անհոգ թռվռամ ...

***
               ՈՒԶՈՒՄ ԵՄ
Աշխարհի գարուններն եմ ուզում,
Աշխարհի ջահելություննե մ ուզում,
Աշխարհի քաղցրությունն  եմ ուզում,
Աշխարհի խաղաղությունն եմ ուզում,
Աշխարհի հավերժությունն եմ ուզում:
Ուզում եմ` զմրուխտ կանաչում
Ծաղիկները մեղմ օրորվեն,
Թևածեն թռչունները լազուրում
Գարնան ծաղկուն ջահելները
Քաղցրանուշ զրուցեն,
Ինչպես կարոտ տատ ու թոռ,
Դրկից մարդիկ ապրեն խաղաղ
Ու բարություն սերմանեն
Բարուրի մանուկներին,
Թոթովախոս նորելուկին ...

***

-Երբ էիր ջահել` գարնան օրերում,
Երբ էիր ուրախ` ուրախ օրերում,
Երբ էիր անհոգ` մանուկ օրերում,
Երբ արբեցիր սիրո աշխարհում ...
Մնայիր գոնե մի նեղ հյուղակում,
Որ հյուսել էի ջրերի ափին,
Ուր արցունքովս սառցե շերտ կապվեց,
Որբ հույզերս գուրգուրեց ...
Նենգ ու չար մարդիկ տնակս մտան,
Լափեցին հրեշի նման,
Մի գրիչ թողին սրտիս բզկտված,
Շողը  խլեցին քո նշխարների ...
Այդ ու՞ր ես թռչում, իմ ջահելություն,
Ի՞նչ տվեց կյանաքը, դու ի՞նչ արեցիր,
Ուրիշի նման ոչ տուն քանդեցիր,
Ոչ էլ տունդ տան նման եղավ  ...
Արագ ես թռչում, իմ ջահելություն,
Ցավերի բովում նորից ես թողնում,
Մի քիչ էլ մնա, իմ հույսի հավատ,
Վշտերի բեմից ինչու՞ ես փախչում ...
-Այդ ու՞ր ես թռչում, իմ ջահելություն:
-Արդեն աշուն է, ես ետ եմ գնում:

***

Կյանքը երազ է,
Մենք երազող ծաղիկներ,
Հավետ կորչող ծաղիկներին
Գարունները չեն բերում ...

***

Արևի մոտ եմ ես ուզում գնալ,
Արևի նման աշխարհին ժպտալ,
Արևի ջերմ շող դառնալ ու մնալ
Աշխարհից հեռու, հեռու անհունում ...

***

Օրը թռչում է, տարիներ դառնում,
Ու ծերանում ենք անցնող օրի հետ,
Մի օր էլ  բռնում հավերժի ճամփան,
Սառ վիհի  գրկում նորից հող դառնում ...

***

Մահը խաղ է, ոչ մանկական,
Որ հրեշի նման գալիս,
Անդարձության ճամփով տանում,
Կարոտներ է ստվերում ...

***

Թփից պոկած կոկոն վարդը
Նորից բացվում է, բուրում,
Աշխարհի չար հողմերում
Տխուր որբն է մեծանում ...
                                             1969 թ.

***

Օրը մթնում է,
Թիկնոցը փռում,
Սպիտակում ենք
Ցավից ու վշտից,
Ուրախանում`
Թեթև հաճույքից ...
Մի օր էլ հանգչում
Սրտի կսկիծից:
...............................
Օրը մթնում է,
Սիրտս ցավում է ...
                          1966 թ.

***

Օրն անցնում է
Քամու նման,
Սպին` մնում,
Հուշը` հիշվում ...

***

Քեզ կաշկանդել է մանկությունդ,
Ու տխրությունը նավդ է լցվել,
Ճոճվել է նավդ, գնացել, եկել,
Կորած օրերիդ կարոտով  ապրել,
Անղեկ է նավդ, գնացել,եկել,
Կորած օրերիդ կարոտով ապրել,
 Անղեկ է նավդ  ջրերի գրկում,
Խեղդող ջրերը  հրեշանման
Նավ ու նավավար ուզում են խեղդել,
Քեզ նորից թողնել առանց հանգրվան..
             1969թ.
            ***
Ծառուղին նեղ,
Ամայի, դատարկ,
Թոշնած մեխակներ,
Ասված, մոռացված,
Սրտամաշ խոսքեր...
Կանգնում եմ, խորհում,
Թե ինչ եմ ուզում
Այս փուչ աշխարհից..
Չէ որ փողոցում
Խոսքեր չեմ թողել,
Սերս չեմ տվել
Անխիղչ հողմերին...
       ***
Է՜յ, հեյ, մանկության
Կորած արահետ,
Քեզ որտե՞ղ փնտրեմ,
Էլ ու՞ր հետ գամ,
Էլ ու՞մ վստահեմ
Մտքերս խոնարհ...
      ***
Խավարը գրկած`
Այս ու՞ր եմ գնում,
Ծովը նետվելու՞,
Ափ դուրս գալու՞,
Թե սիրած վայրում
Հանգրվանելու:
Խավարը գրկած`
Այս ու՞ր եմ գնում ...
          1958 թ.
***
Քաղաքի այգու
Մութ աղմուկներում
Ծաղիկ եմ փնտրում,
Իմ չքնաղ Լոռում
Նոր երգս երգեմ,
Նախշնկար անեմ,
Ինչ-որ  թողել եմ`
Կիսատ-անավարտ,
Հավաքեմ, գրեմ ...
         1965 թ.
***
Դեռ ովքեր, ինչե՞ր են ծնվելու,
Ու ինչքան սրտեր են միանալու,
Սարից իջնող, քնքուշ հովեր,
Քանի՜  սերունդ եք ճամփելու ...
***

                  ԳՆԵԼԻՆ
Իմ թխահեր, ոսկեթև բալիկ,
Թե տաղերումս կարոտներս,
Անկատար երազներս կարդաս,
Հիշիր, խենթ ու խելառ չեմ եղել,
Բախտս պատերազմն է ծռել,
Երազներս անկատար թողել ...
Խնդրում եմ` քո լույս կյանքում,
"Հեքիաթներս, ծաղկով պատես"
Ուր մեծ մայրս լուռ արտասվում,
Մութ ու լույսին` բալա՜ կանչում,
Ու բարություն միայն շաղում,
Կռունկներից է  գութ հայցում ...
                 23.01.1979 թ.

No comments:

Post a Comment