Մթնշա՜ղ է, մթնշա՜ղ,
Շուշանները գլխահակ,
Ճերմակաթույր, լուսնաշող,
Ծաղկաբույլեր վաղ գարնան...
***
Իմ ծաղիկ ները` քնքուշ ու բարի,
Աճում են միայն գետի եզերքին,
Երազները` մացառով պատված,
Ամայի դաշտում հևում են հոգնած...
***
Ծաղիկը գլուխն անձրևից թեքել,
Մտել է փշե պսակի գիրկը,
Բուրում անօգուտ` նման լերկ սարի
Էն կապույտ ծաղկին` ձորաբերանի:
Եվ ոչ ոք նրան չի էլ նկատել,
Բույրն ըմբոշխնել կամ էլ նկարել,
մենավոր բույս է մերկ ժայռի կրծքին,
Մահը կգտնի խենթ քամու գրկում...
***
Մայր իմ, մի՞թե գարնանը չես գալու,
Վիրավոր թևով ինձ չես գրկելու,
Մի՞թե մեր տանը էլ չենք մնալու,
Կարկաչ ծիծաղդ էլ չեմ լսելու...
***
Դեռ ովքե՞ր, ինչե՞ր են ծնվելու,
Ինչքա՜ն սրտեր են միանալու.
Սարից իջնող մեղմիկ հովեր,
Դեռ քանի՞ սերունդ եք ճամփելու...
1961թ.
***
Իմ ճերմակահեր գետակի վրա
Փրփուրներ բռնող, խաղացող չկա,
Էն մանրիկ- մանրիկ ձկների խայտին
Կարոտ աչքերով էլ նայող չկա:
ՈՒ՞ր են հարսները սև գլխաշորով,
Որ այրիացան ջահել հասակում,
Երա՞զ են դարձել, նիրհու՞մ են հողում`
Աչքի կոպերում արցունքը պահած:
Ճանփորդ էլ չկա, որ նստի հոգնած`
Վերապրի կյանքը բախտակիցներիս:
***
Խաչմերուկու՜մ, խաչմերուկու՜մ
Սառ անձրևն է հեծեծում,
Աջ ու ձախից գալիս, խփում,
Խաղ է խաղում աղջկա հետ:
Խելառ քամին ծամը բռնում,
Ոլորում է, տանում-բերում,
Իսկ վերևից նոճին հանդարտ
Ջուր է մաղում` մաղը բռնած:
Խենթ ու խելառ գարնան քամին
Ոսկեհյուսը բռնում- տանում,
Հեզ, ամոթխած աղջիկն էլ
Քղանցքներն է հավաքում,
Չորս կողմ նայում ու սպասում,
Թե երբ կգա արևը բորբ`
Ջերմացնելու, չորացնելու...
Մեկ էլ մտքով ետ է թևում.
-Կես դար առաջ գուցե այստեղ
գետինն է ջրով ցողվել,
Հեզ կապուտաչն է բուրել,
ՈՒ լցվել են փոսերը գորշ,
Գրկել հունդեր, սերմե՜ր:
Կես դար առաջ ու կես դար ետ
Ո՞վ է խորհել, թե ո՞վ կգա,
ՈՒ՞մ երազը կթևածի,
Կորուստները ետ կբերի...
***
ԱՆԿՈՒՇՏ ՄԱՐԴ
Գորշ փշատենուն արևը գրկեց,
Շողերով պատեց, պտուղը լցվեց,
Քաղցրափոշին պատենավորվեց:
Թանձր ոստերը թևաթափ կախված,
Փոշոտ ճամփորդին հովանի դարձան:
Ինչքան ճամփորդներ եկան, գնացին,
Ոստեր պոկեցին, պտուղը տարան:
Հեգ արմատները ջրին կարոտած,
Դարավերջին վառելիք դարձան:
Անհոգ ու անմիտ մարդը զարմացավ.
-էս ծառն, ա՜խ, ինչու՞ անպտուղ մնաց,
Ո՞վ է զավակիս կերակրելու,
Տարվա ապրուստը տունս տանելու:
Կիսախուփ կոպը ծառը մեղմ բացեց,
Կարոտով նայեց ընկած ճյուղերին
ՈՒ խիստ զայրացած` ցավով մրմնջաց.
Ինչ էլ տաս մարդուն, նա միշտ անկուշտ է...
***
Մերթ թվում է` սարերում եմ`
Ծաղկազարդ նոր շորերով,
Վազվզում եմ ու թռչկոտում,
Ձորեր անցնում, արտ մտնում:
Մերթ թվում է` աղջնակ եմ,
Բարակ ծեղին մորի շարող,
սարալանջին ծաղիկ քաղող,
Լալազարի փնջեր կապող...
***
ԻՄ ԲԱԼԻԿՆԵՐ
Օտար ափերում ինչպե՞ս եք ապրում,
Ո՞վ է ձեզ ծածկում, ձեր ճաշը եփում,
Ո՞վ է ձեզ նայում իմ կարոտ աչքով,
Հիվանդ օրերին ո՞վ է խնամում:
Խոցվել է հոգիս, արյուն է ծորում,
Իմ հոգնած սիրտը էլ չի դիմանում,
ՈՒ հիվանդ սրտով ելնում եմ տնից,
Գնում դպրանոց` ցավեր մեղմելու:
***
ԱՐԱՐԱՏ
Թիկնալանջդ մշուշ ու մեգ,
Ծվեն-ծվեն,
Ծղարշների ճերմակ քողով
Շղարշվել են աճքերդ սև:
Լույսը հույսիդ ապավինած`
զավակներդ ոտքի ելան,
Արնահեղեղ հող փրկեցին,
Որ հավերժի Ոգին հայի...
***
Տեր,Ամենազոր,
Մահվան մահճում անգամ
Ապահով կմնամ,
Քանզի դու ես պաշտպանս հավերժ,
Թ ե անգիտակից մեղքեր եմ գործել,
Ներել ես, տարել ու հուսադրել:
Աղաչում եմ քեզ,
Առագաստ բացիր ուռենու ոստով
Կարկաչուն առվի կամ գետի ափին:
Գիշերը լուսինն ինձ վերմակ դառնա,
Ցերեկը` երկինք` ջինջ ու կապուտակ,
Մեղմ հովը շոյի, արփին ջերմացնի,
Ձկները խայտեն, ծառերն օրորվեն:
Քեզ հետ միայն ես զրուցեմ,
Հուշերով չապրեմ,
Քանզի կյանքս անցնող երազ էր...
***
Հապաղեք, մտքեր, ցած մի իջեք,
Թողեք օրս հանգիստ սահի,
Տարի դառնա, ես հանդարտվեմ:
Տես, հոգնել եմ կեղծ ու շինծու
Սին խոսքերից, չար մտքերից,
Ծանր ու թեթև շատ եմ անում
ՈՒ չեմ գտնում ոչ մի ելք;
Իմ ասածն ու գրածը,
Խորհուրդներս պարզամիտ,
Ոչ բալասան են դառնում,
Ոչ էլ օգուտ են բերում;
Քանզի դարի ախտ ու կեղտով
Ընչաքաղցն է պարուրվել:
***
Մոխիրների մեջ կայծեր մի փնտրեք,
Ոչ ծերությունում` նոր ջահելություն,
Հնի մեջ` նորը, նորի մեջ` հինը,
Նոր կայծերն էլ իզուր չանթեղեք:
Ինչ լինելու է, հարկավ, լինում է,
Ով ապրելու է, իրավ, ապրում է,
Գոյության կռվում չարն է հաղթում,
Խոհունը մնում միայն ստվերում...
/Գիրքը 87 էջ է, զետեղեցի ծաղկաքաղ:/
No comments:
Post a Comment